«Ճարտասանություն» և «Առածանին վարքականոն». ընթերցողի սեղանին են բարեփոխված տարբերակները

Դիտումների քանակ՝ 2612

Ընթերցողի սեղանին են կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի «Ճարտասանություն» բուհական դասագրքի հինգերորդ և  «Առածանին վարքականոն» ուսումնական ձեռնարկի չորրորդ լրամշակված ու բարեփոխված հրատարակությունները: «Ճարտասանություն» դասագրքում հայ դասական ճարտասանության սկզբունքներին հարազատ` շարադրվում են այդ գիտության և արվեստի հիմնական բաժինները` գյուտ, դասավորություն, ճոխաբանություն, հիշողություն և արտասանություն:  Ճարտասանության հիմնահարցերի համակողմանի տեսական վերլուծությունը համատեղված է գործնական հիմնավորումներով: Դասագիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց ճարտասանական հմտությունները և բարձրացնել հրապարակային խոսքի արդյունավետությունը:

«Առածանին վարքականոն» ուսումնական ձեռնարկը եզակի մի փորձ է փիլիսոփայության և կառավարաբանության մոտեցումների համադրմամբ գնահատելու հայ ժողովրդական ասացվածքների ու առածների վարքակարգավորիչ ներուժը, բացահայտելու դրանց գործառույթները անհատի և հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում, հանգամանորեն քննարկելու առածանու արդյունավետ գործադրման մեթոդաբանությունը:

Զարմանալի չէ, որ Վալերի Միրզոյանն իր գրքերը համարում է իր հոգեզավակները և հույս ունի, որ նրանց կորդեգրեն բարեգութ ծնողները: Եվ քանի որ Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, հեղինակը վստահ է, որ այս երկու գիրքը կլինեն մեր մշակութային մայրաքաղաքի արժանավոր «բնակիչ»: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին