ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նոր անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ մայիսի 27-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել նշանակալի ու կարևոր իրադարձություն, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Վայոցձորցի հայտնի գործարար ու բարերար, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մասնաճյուղի գրադարան-ընթերցասրահը, որը մինչ այդ Մուրադ Սարգսյանի ընտանիքի անդամների հովանավորությամբ վերազինվել էր թվային գրատախտակով, համակարգչով, հեռուստացույցով, DVD-ով, անվանակոչվել է Մուրադ Սարգսյանի անվան լսարանի:
Կառավարման ֆակուլտետի դեկանի տեղեկացմամբ` կատարվել է նոր անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողություն. կարմիր ժապավենը կտրել են ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Մուրադ Սարգսյանի այրին` Աննա Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի արժանացած տասը գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողի խորհրդանշական վկայականներ է հանձնել Աննա Սարգսյանը:
Ավարտին տեղի է ունեցել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Եղեգնաձորի մասնաճյուղում սովորող ուսանողների հանդիպումը: Ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց, որի ընթացքում ուսանողները խոսել են իրենց հոգսերից ու մտահոգություններից: Ռեկտորն ուսանողներին հորդորել է սովորել գերազանց առաջադիմությամբ, գիտելիքներ ձեռք բերել և բարձր պահել բուհի պատիվը:
Կառավարման ֆակուլտետի դեկանը հիշեցրեց, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման առաջին իսկ օրվանից արդյունավետ համագործակցություն է հաստատվել գործարար, բարերար Մուրադ Սարգսյանի ընտանիքի և մասնաճյուղի միջև, որի արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ բարի նախաձեռնություններ: Դրանցից մեկն էլ ՀՊՏՀ ռեկտորատի որոշմամբ իրականացված Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի ծրագիրն է, ըստ որի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի գերազանց առաջադիմությամբ սովորող տասը ուսանող ամեն տարի արժանանում է Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին