Մայիսի 28-ը Առաջին Հանրապետության փառահեղ տոնն է

Դիտումների քանակ՝ 974

Այսօր մայիսի 28-ն է, և Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը:

1918 թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվել է կենաց ու մահու ճակատամարտերում փայլուն հաղթանակ տանել`կասեցնելով թուրքերի առաջխաղացումը:  Այս հաղթանակներով  հայը, որը մինչ այդ հպատակ էր, հռչակվել է ազատ  ու անկախ երկրի քաղաքացի:

Մայիսյան այս մեծ հաղթանակը նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում՝ մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով, եկել էր հաստատելու  անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը։ Այն հնարավորություն է տվել հայ ժողովրդին վերականգնելու  կորցրած անկախությունը և ստեղծելու պետականություն: Ցավոք, հայոց պետականությունը գոյատևել է ընդամենը  երկու տարի, այնուհանդերձ այն մեծ հեղափոխությունն  է կատարել հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրել է արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում ենք, որ  բոլորս արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի, սիրենք, պահենք ու փայփայենք մեր այսօրվա պետականությունը և սերունդներին հանձնենք 21-րդ դարին արժանի երկիր Հայաստանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին