Adobe-ի հայաստանյան օգտատերերի խումբը ՀՊՏՀ-ում անցկացրեց սեմինար-շնորհանդես
Այսօր ՀՊՏՀ հանդիսությունների սրահում, ինչպես նախապես տեղեկացրել էինք, տեղի ունեցավ Adobe միջազգային կորպորացիայի գործունեության և ծրագրային փաթեթների սեմինար-շնորհանդես, որի ընթացքում AUG Armenia-ի (Adobe-ի հայաստանյան օգտատերերի խումբ) մենեջեր Արես Հովհաննեսյանը ներկայացրեց CS6 ծրագրային փաթեթը և Adobe-ի կողմից մշակված նոր ծրագրային տեխնոլոգիաները (HTML5, CSS3, JavaScript): Ներկայացվեց նաև Adobe-ի կայքը, ցուցադրվեցին տեսանյութեր, որոնք իրականացվել են վերոնշյալ ծրագրերով, ինչպես նաև տեսաֆիլմ` Photoshop-ի մասին:
Ծրագրերի շնորհանդեսի ընթացքում ներկաները, լրացնելով առաջարկված հարցաթերթիկները, հնարավորություն ստացան մասնակցելու Adobe-ի լիցենզավորված CS5 ծրագրային փաթեթի և համակարգչային գրականության խաղարկությանը:
Խաղարկվող երկու գրքերը բաժին հասան կառավարման ֆակուլտետի աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Գևորգյանին և լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Անի Ավետիսյանին: Իսկ CS5 լիցենզավորված ծրագրային փաթեթը շահեց ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Սպարտակ Խաչատրյանը:
Շահումը հանձնելով վերջինիս` Արես Հովհաննիսյանը մեկնաբանեց, որ այն կարող է ներբեռնվել երկու համակարգիչներում և խորհուրդ տվեց Սպարտակին իր թանկարժեք ձեռքբերումը կիսել հարազատ բուհի հետ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Սպարտակ Խաչատրյանը հայտնեց, որ սիրով ծրագրային փաթեթը կտրամադրի բուհի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին:
Adobe-ի հայաստանյան օգտատերերը ներկաներին հորդորեցին այցելել Adobe-ի կայք (augarmenia.groups.adobe.com)` ծանոթանալու տեխնոլոգիական նորություններին և հնարավորություն ստանալու մասնակցելու նոր խաղարկությունների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին