Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետը թողարկել է 2011-2012 ուսումնական տարվա առաջին բակալավր շրջանավարտներին

Դիտումների քանակ՝ 924

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների և առկա մագիստրատուրայի մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները հայտնելուց առաջ ուրախությամբ տեղեկացրեց, որ այսօր ֆակուլտետը թողարկել է 2011-2012 ուսումնական տարվա առաջին բակալավր շրջանավարտներին. հողագույքային հարաբերություններ մասնագիտության 31  և բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 34 ավարտական կուրսի ուսանողներ հանձնել են ամփոփիչ ատեստավորման  քննությունները և շուտով  հրաժեշտ կտան բուհին:
Դեկանի հաղորդմամբ` առկա բակալավրիատի բնօգտագործման տնտեսագիտություն, հողագույքային հարաբերություններ, տնտեսագիտության տեսություն, միջազգային տնտեսական հարաբերություններ, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտություններով  ավարտական աշխատանք է պաշտպանել 257 ուսանող և 4 երկտարեցի, որից 256-ը ստացել է դրական գնահատական: Գրանցված  արդյունքներն այսպիսին են` 116 ուսանող ստացել է «գերազանց», 76-ը`«լավ», 65-ը`«բավարար»,  1 –ը` «անբավարար» գնահատականներ:
Մագիստրատուրայում ավարտական աշխատանք է պաշտպանել 76 ուսանող` տնտեսագիտության տեսություն, միջազգային տնտեսական հարաբերություններ, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, բնօգտագործման տնտեսագիտություն, ծառայությունների ոլորտի պետական կարգավորում մասնագիտություններով:  46 մագիստրանտ ստացել է «գերազանց», 16-ը`«լավ», 14-ը «բավարար» գնահատականներ: Լսվել է ավարտական աշխատանքների բողոքարկման 4 դիմում, որից 2-ը` բակալավրիատում, 2-ը` մագիստրատուրայում: Ըստ ընդունված կարգի` ռեկտորատի և ուսխորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ լսելով ձայնագրությունները՝ ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովը գնահատականը թողել է ամփոփոխ:
Անդրադառնալով  ավարտական աշխատանքների կատարման մակարդակին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ արձանագրված «գերազանց» գնահատականների 45 %-ն արդեն իսկ վկայում է ավարտական աշխատանքների բարձր մակարդակի մասին: Դեկանի դիտարկմամբ`  կատարված հետազոտություններին բնորոշ են եղել  վերլուծությունների ու համադրությունների պատշաճ մակարդակը, օգտագործված գրականության և վիճակագրական աղբյուրների հարստությունը,  մատուցման հետաքրքրական ու բովանդակային կերպը: Ֆակուլտետի ղեկավարը նշեց նաև, որ ցածր գնահատված աշխատանքներն առանձնացել են  մակերեսայնությամբ, մեխանիկական արտագրություններով, փաստերի պարզունակ, անհետաքրքիր շարադրանքով:  Այս առնչությամբ դեկանն ասաց, որ կայացվել է ճիշտ որոշում ` հաջորդ ուսումնական տարվանից ավարտական աշխատանքներ պաշտպանելու թույլտվություն տալով միայն մասնագիտական կուրսերի ուսանողների  30-35 %-ին: Դեկանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ պատշաճ մակարդակով չեն գրվել գրախոսությունները: Որոշ դեպքերում դրանք կատարվել են պահանջվող չափանիշների խախտումներով, սխեմատիկ բնույթ են կրել, զուրկ են եղել առարկայական, բովանդակային դիտողություններից:  Այս խնդիրը լուծելու համար դեկանն առաջարկեց, որ գրախոսությունները հաստատեն ամբիոնների վարիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին