Բուհ ընդունելության քննակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել

Դիտումների քանակ՝ 834

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մերի Բադալյանի տեղեկացմամբ, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ այս տարի ընդունելության քննությունների կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես` այս տարի բուհ ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 15-ին: Այս հանգամանքը հնարավորություն կտա զորակոչիկային տարիքի տղաներին նախքան զորակոչվելը տեղեկանալ, թե ինչ համակարգով են ընդունվել. անվճար ընդունվածները կօգտվեն տարկետման իրավունքից, իսկ վճարովի համակարգի ուսանող դարձածները կմեկնեն ծառայելու` վերադարձից հետո ստանալով ուսումը շարունակելու իրավունք: 

Ինչպես նշեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալը՝ այս տարի կկազմակերպվի ընդունելության լրացուցիչ փուլ: Երբ փակցվեն ընդունվածների ցուցակները, մրցույթից դուրս մնացած, սակայն դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին: Մեկ այլ փոփոխության համաձայն` եթե դիմորդը ատեստատում որևէ առարկայից չունի ավարտական քննության գնահատական, ընդունելության ժամանակ կարող է հիմք ընդունվել դպրոցի տարեկան գնահատականը: Դա կօգնի ոչ միայն նախկին շրջանավարտներին, ովքեր տարիներ անց ուզում են երկրորդ մասնագիտությունն ստանալ, այլև այն շրջանավարտ-դիմորդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակելու Հայաստանի պետական ագրարային, ճարտարագիտական կամ այլ համալսարաններում, որտեղ երկու աստղանիշով առարկաներ կան: Մերի Բադալյանը նշեց նաև, որ փոփոխություն է կատարվել օտար լեզունների քննությունների ցանկում. որպես օտար լեզու՝ այժմ դիմորդը կարող է հանձնել նաև ռուսերենը, ինչը նախկինում որոշ մասնագիտությունների համար հնարավոր չէր: 

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը իր աշխատանքներն սկսել է մայիսի 5-ից: Դիմորդը հնարավորություն ունի մասնակցելու 2 անվճար և 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին: 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին