Լույս է տեսել «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը
Սիրելի ընթերցո’ղ, լույս է տեսել «Տնտեսագետ» երկամսյա պարբերականի մարտ-ապրիլյան համարը:
Խմբագրակազմն ուրախ կլինի, որ այն իր բազմաբնույթ նյութերով հետաքրքրի Ձեզ և ընթերցումի հաճելի ժամեր պարգևի:
Մինչ «Տնտեսագետը» կհասնի Ձեզ, շտապենք հայտնել, որ այս համարում ներկայացնում ենք առանցքային մի քանի թեմաներ. Հայոց բանակի կազմավորման 20–ամյակ, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման մեկ տարի, Մայրության ու գեղեցկության տոներ: Շարունակվում են «Հայերենը` վտանգված», «Տնտեսական խճանկար», «Համակրելի դառնալու արվեստը», «Համաշխարհային բրենդ» խորագրերը` հագեցած հետաքրքրական և ուսանելի նյութերով:
Արվեստի բաժնում այս անգամ, սիրելի ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող հայազգի հռչակավոր քանդակագործ և նկարիչ Էմիլ Գազազի կնոջ` Մանե Հայրյանի հետ:
«Լուսանկարային լրաշարքը» հետադարձ հայացք է ձգում ՀՊՏՀ կյանքում տեղ գտած կարևորագույն իրադարձություններին:
Ամսագրում տեղ է գտել նաև գիտահետազոտական թեմային նվիրված հրապարակում, ներկայացնում ենք մեր բուհի շնորհալիներին, Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանն անդրադառնում է կրթության և գիտության առաջխաղացմանը` որպես մարզերում տարածքների համաչափ զարգացման գրավական: Այս համարում ներկայացնում ենք ուշագրավ մեկ այլ հրապարակում ևս, այն է՝ տարվա լավագույն գործարար նախագծերը: Ամսագիրն ավարտվում է մարզական էջերով:
Կրկին հիշեցնում ենք, որ «Տնտեսագետը» բաց է համագործակցելու, մտքեր փոխանակելու համար. սիրով կլսենք ու կքննարկենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին