Ֆակուլտետներում շարունակվում են ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 955

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այս պահին վիճակագրություն մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին են ներկայացնում իրենց կատարած ուսումնասիրությունները: Այսօր` այս մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրը, հանձնաժողովի առաջ խոսք կասի բակալավրի կոչմանն հավակնող 10 ուսանող:
Հանձնաժողովի նախագահն է տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրություն բաժնի պետ Արսեն Ավագյանը:

Սկսվել է նաև ՀՊՏՀ կոմերցիա մասնագիտության գծով առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Այսօր` առաջին օրը , կներկայանա 10 ուսանող: 
Հանձնաժողովի նախագահն է տնտեսագիտության թեկնածու, «Երառ սպասարկում» ՓԲԸ ֆինանսատնտեսական բաժնի պետ Հրաչիկ Չիլինգարյանը:

Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում նաև հողագույքային հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովն իր նիստերը կանցկացնի երկու փուլով: Առաջին փուլն արդեն մեկնարկել է. պաշտպանության է ներկայացված 9 ավարտական աշխատանք: Երկրորդ փուլը կսկսվի ժամը 14.00-ին: Ավարտական աշխատանք կպաշտպանի 8 ուսանող:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը:
Տեղեկացնենք` այս տարի ՀՊՏՀ-ն կթողարկի այս մասնագիտության գծով առաջին բակալավր շրջանավարտներին:

Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց մագիստրոսական ատենախոսությունները կներկայացնեն նաև մարքեթինգ մասնագիտության մագիստրանտները: Պաշտպանությունը կսկսվի ժամը 14.00-ին: Մագիստրոսական ատենախոսություն կպաշտպանի 12 ուսանող: Հանձնաժողովի նախագահն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն Էդուարդ Օրդյանը:
Հաջողություններ ենք մաղթում ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին