Մեր ուսանողներն այցելեցին Երևանի «Արարատ» կոնյակի գործարան
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Սարգիս Ասատրյանցի նախաձեռնությամբ հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցիներն այսօր «Էկոնոմիկա և կառավարում» դասընթացի գործնական պարապմունքն անցկացրեցին Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում:
«Այսպիսի գործնական պարապմունքները ոչ միայն ճանաչողական բնույթ են կրում, այլև տալիս են կառավարման ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխանները: Անմիջականորեն ծանոթանալով արտադրության գործընթացին` ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գործնական գիտելիքներ, լսում ոլորտի հմուտ ու փորձառու մասնագետների խոսքը»,- ներկայացնելով այցելության նպատակը`նշեց Սարգիս Ասատրյանցը: Վերջինիս ներկայացմամբ`«Արարատ» կոնյակի գործարանում ուսանողները ծանոթացան գործարանի հիմնադրման պատմությանը, տնտեսական ցուցանիշներին, ստացան արտադրանքի արտահանման և ներքին շուկայում դիրքավորվածության մասին տեղեկատվություն: Այցի ժամանակ քննարկվեցին նաև կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ մշակութային քաղաքականության հարցեր: Սարգիս Ասատրյանցի խոսքով` ուսանողները եղան նաև կոնյակի հնեցման արտադրամասում, որտեղ ծանոթացան կոնյակագործության ողջ գործընթացին:
Վերջում ուսանողներն այցելեցին համտեսի սրահ, որտեղ համտեսեցին ստանդարտ, պրեմիում և սուպերպրեմիում դասի կոնյակ, լսեցին կոնյակ խմիչքի հետ կապված առասպելական ու հեքիաթային պատմություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին