Այսօր ՀՊՏՀ կոլեկտիվը նշեց ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանի ծննդյան հոբելյանը

Դիտումների քանակ՝ 958

Օրերս ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանը նշեց իր ծննդյան հոբելյանը: Իսկ այսօր թանկագին Ժենյային (գործընկերները նրան այսպես են կոչում) ՀՊՏՀ նիստերի սրահում համալսարանի ղեկավարությունը և կոլեկտիվը հղեցին բազում սրտառուչ ու ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ` արժանի նրա բարեխիղճ, անմիջական, առինքնող կերպարին:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հատկանշեց, որ Եվգենյա Պողոսյանի անցած աշխատանքային ուղին եղել է գործին անմնացորդ ծառայելու, կրթական ոլորտում, մասնավորապես` ասպիրանտուրայում, բարեփոխումների ընթացքին արձագանքելու և նոր գործելաոճ որդեգրելու ճանապարհ, որի նպատակը միշտ եղել և մնում է երիտասարդ գիտնականներին ուղղորդելը, աջակցելը: 
ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը հոբելյարին հանձնեց ռեկտորատի և արհկոմիտեի համատեղ ուղերձը, որում, նրա խոսքով, բուհի ղեկավարության արձանագրումն ու գնահատականն է հոբելյարի անբասիր աշխատանքի, մասնագիտական ու մարդկային դրական հատկանիշների: 
Գործընկերների հնչեցրած շնորհավորական խոսքում, բնութագրումներում, գնահատականներում վերստին ամբողջացավ Եվգենյա Պողոսյանի կերպարը` իր գործի գիտակ, բարի, կարեկից, հմայիչ ու ժպտերես, որի հետ շարունակաբար աշխատելու ցանկությունը բոլորն ընդգծեցին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սիրով միանում է հնչած շնորհավորանքներին և Եվգենյա Պողոսյանին մաղթում առողջություն, արևշատություն, աշխատանքային կյանքի բեղմնավոր շարունակություն:





 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին