Մեծ ուսուցչի հիշատակին. Բյուզանդ Սելվինազյանը կդառնար 75 տարեկան
Ապրիլի 29-ին կլրանար ճանաչված գիտնական մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Բյուզանդ Սելվինազյանի ծննդյան 75-ամյակը: Սաները, գործընկերներն ու բարեկամները, ծննդյան հոբելյանը, ցավոք, նշեցին առանց սիրելի ուսուցչի:
«Մեզանից շատերը իրենց առաջին գիտական քայլերը կատարել են նրա ղեկավարությամբ: Այնքա~ն շատ բան ենք սովորել նրանից: Սովորեցնում էր աշխատել, ստեղծագործել ու միշտ գտնել նորն ու արժեքավորը: Ասում էր` պետք է կարողանաք միշտ առաջ նայել, տեսնել ամենաարդիականն ու ժամանակակիցը: Անսահման համեստ էր, բարի, անաչառ: Մարդկանց մեջ գնահատում էր անկեղծությունը, անշահախնդրությունը, սերը ծնողի ու հայրենիքի հանդեպ: Իսկական ուսուցիչ էր, խորհրդատու, բարեկամ ու ընկեր»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեծ գիտնականի հասցեին այսպիսի գնահատական հնչեցրեց մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանը։ Նույն ամբիոնի դոցենտ Կարինե Պետրոսյանը, ասիստենտներ Նարեկ Ղուկասյանն ու Լիլիթ Սահակյանը ևս բարձր գնահատեցին Սելվինազյանին:
Նրանք արժեվորեցին նաև գիտնականի ավանդը տնտեսագիտության բնագավառում` նշելով ներդրումը հատկապես հանրապետության ընդերքի ռեսուրսային ներուժի նպատակամետ օգտագործման, բնապահպանության տնտեսագիտական հարցերի հետազոտման բնագավառում: Նրանց ներկայացմամբ` Բյուզանդ Սելվինազյանի գրչին են պատկանում այդ ուղղվածության մեթոդական, մեթոդաբանական, գործնական նշանակության բազմաթիվ գիտական հրապարակումներ, մենագրություններ: Գիտնականի հետազոտությունները գնագոյացման, կապիտալ ներդրումների և հիմնական ֆոնդերի արդյունավետության գնահատման, տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման, Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ, տեսական ու գործնական նշանակության բազմաթիվ ուսումնասիրությունները, գիտական դրույթները հրատարակվել են նաև արտերկրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին