Ապրիլի 25–ից կմեկնարկեն ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 945

ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Տաթևիկ Մկրտումյանի տեղեկացմամբ` ապրիլի 25-ից կմեկնարկեն առկա բակալավրիատի և մագիստրատուրայի վերջին կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Այս գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար համապատասխան ուսումնաօժանդակ ստորաբաժանումները կատարել են նախապատրաստական ծավալուն աշխատանք։ 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. հոկտեմբերի 11-ի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման կարգում, համաձայն որի էլ ձևավորվել են ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովները. նախագահը և անդամների 50%-ը հրավիրված են դրսից: Նրանք տնտեսագիտության բնագավառի ճանաչված և լավագույն մասնագետներից են: Ըստ նոր կարգի` բողոքարկման գործընթացն ավելի անաչառ դարձնելու, արդարացի որոշումներ կայացնելու նպատակով կձայնագրվեն նաև ավարտական աշխատանքների պաշտպանությունների ու ամփոփիչ քննությունների ողջ ընթացքը:
Հիշեցնենք, որ նախկինում միայն հանձնաժողովների նախագահներն են հրավիրվել դրսից:
Ռեկտորատի անդամները, ամբիոնների վարիչներն արդեն հանդիպել են ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքային հարցեր: 
Ի դեպ, նախարարի հրամանին, դրանում եղած նորություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://edu.am/DownloadFile/5401arm-kargatestavorman1197.PDF հասցեով։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայունության բաժինը ՀՊՏՀ ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին մաղթում է հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին