Բուհերի ուսանողական խորհուրդները ներկայացրել են իրենց ծավալած լրատվական գործունեությունը

Դիտումների քանակ՝ 782

Այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բուհերի ուսանողական ինքնակառավարման կառույցների ծավալած լրատվական գործունեության ցուցահանդես-մրցույթ էր, որին մասնակցում էին Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների ուսանողական խորհուրդները:

«Այս միջոցառմամբ փորձ է արվում ի ցույց հանել ուսանողական խորհուրդների մամուլի և լրատվության աշխատանքը, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, հարաբերությույնների սերտացման և կատարված աշխատանքի ըստ արժանվույն գնահատման»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը: Նա ավելացրեց, որ ցանկալի կլիներ, որ մեծ թվով մասնակիցներ լինեին, թեև իրենք մասնակցության հրավեր են ուղարկել բոլոր պետական ու մասնավոր բուհերին:
Տեղեկացնենք, որ ցուցահանդես-մրցույթն անցկացվում էր բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ստեղծման 20-ամյակին նվիրված «Մեդիկուսի օրեր» հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Միջոցառումը շարունակվեց նաև ցուցասրահից դուրս: Նիստերի սրահում հինգ բուհերի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով, որոնցում արտացոլեցին իրենց հաստատություններում ուսանողական կառույցների համապատասխան բաժինների կատարած աշխատանքը, արդյունավետությունը:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մամուլի և լրատվական հանձնաժողովի աշխատանքը ներկայացրեց Հայկ Բեջանյանը:
Զեկուցումներից հետո մասնակից բուհերի ներկայացուցիչներից կազմված մրցատյանը որոշեց հաղթողներին: Նախատեսված հինգ անվանակարգերից չորսում` «Լավագույն ուսանողական ամսագիր»,
«Լավագույն ինտերնետային կայք», «Լավագույն բացիկ, բուկլետ, հրավիրատոմս», «Ուսանողական գիտական աշխատանքների լավագույն ժողովածու», ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը դարձավ հաղթող:
Հինգերորդ` «Այլընտրանքային տեղեկատվական միջոցներ» անվանակարգի հաղթող դարձավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական խորհուրդը:

Մեր ուսանողական խորհրդին մաղթում ենք երկար ճանապարհ և հավելում, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 22-ին բժշկական համալսարանի նիստերի սրահում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին