ՀՊՏՀ-ի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրված պայմանագրով կներդրվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր

Դիտումների քանակ՝ 895

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը` որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, մասնավորապես կներդրվի «Պետական գույքի կառավարում» մագիստրոսական մասնագիտացումը:

«Համալսարանն իր առջև խնդիր է դրել կրթական որակի բարձրացման, այսինքն՝ կրթական որակը մեզ համար գերակա է։ Իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկը մենք տեսնում ենք գործատուների հետ կապն ամրապնդելու մեջ, քանի որ միայն գործատուի պահանջներն իմանալու դեպքում մենք կարող ենք որակյալ կադրեր պատրաստել»,- պայմանագրի ստորագրման արարողությանը հաջորդած ելույթի ժամանակ ասաց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ  այս մեկ տարվա ընթացքում բուհը տնտեսագետ կադրերի պահանջ ունեցող մասնավոր և պետական մի շարք կառույցների հետ կնքել է նման պայմանագրեր։ Այս պայմանագրի ստորագրմամբ՝ երկու կառույցները միասին են իրականացնելու կրթական ծրագիրը՝ համատեղ մշակելով ուսումնական պլանները և ծրագրերը։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Պետական գույքի կառավարման վարչությունն սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ»:

«Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում»,– ընդգծեց վարչության պետը։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին