ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բանակում ծառայող մեր զինվորի բարեխիղճ ծառայության համար շնորհակալական նամակ է ստացել

Դիտումների քանակ՝ 1739

ՀՊՏՀ ուսանողները,  անցնելով ծառայության Հայաստանի զինված ուժերում, իրենց սրբազան պարտքը հայրենիքի առաջ կատարում են պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, սիրով ու նվիրումով: Նրանցից մեկը ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Լևոն Կուրղինյանն է, որի ծառայությունը գնահատող շնորհակալական նամակ է ստացել բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Մեր ուսանողի մասին  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված` թիվ 37082 զորամասի հրամանատարի և գեներալ-մայորի Լ. Երանոսյանի շնորհակալական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր բուհի ուսանող Լևոն Կուրղինյանը, ծառայելով Հայաստանի հանրապետության զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու ծնողական պատգամը` անմնացորդ նվիրվել Հայրենիքի  պաշտպանության գործին:

Ձեր ուսանողն աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կամքի ուժով: Նա բարձր է պահում Հայ ռազմիկի պատիվը` միշտ պատրաստ հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր սանով: Երախտապարտ եմ Ձեզ` նման հայրենասեր քաղաքացի-քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»:

Հուզմունքով և հպարտության զգացումով ընդունվեց մեր բուհի զինվորի մասին այս բարձր գնահատականը։

Բարի ծառայություն և խաղաղ երկինք ենք մաղթում հայոց բանակի բոլոր զինվորներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին