ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 877

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշխարհային ցանցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
«Մեր աշխատակիցների բանակում այսօր շատ են ՀՊՏՀ-ի շրջանավարտները: Նրանք բոլորն էլ որակյալ մասնագետներ են և բարձր են պահում ձեր բուհի պատիվը: Ուստի ինձ համար մեծ պատիվ է այս լսարանի առաջ պատմել մեր ընկերության մասին»,-ասաց KPMG ընկերության հայաստանյան գրասենյակի ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը և ներկայացրեց ընկերությունը: 

Նրա տեղեկացամբ` 150 տարվա պատմություն ունեցող, միջազգային ճանաչում վայելող «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997 թվականին և արդեն ունի ավելի քան 60 աշխատակից, որոնց միջոցով համադրվում են տեղական բիզնեսի վերաբերյալ գիտելիքներն ու հարուստ միջազգային փորձը: Ընկերությունն իր աշխատակիցների մեջ կարևորում է երեք հատկություն` բարձրակարգ ծառայություններ մատուցելու ունակությունը, այցելուների խնդիրների լուծումը, թիմային աշխատանքը: Սոնա Մարտիրոսյանը ուսանողներին տեղեկացրեց նաև, որ շուտով` մայիս-հունիս ամիսներին, «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն կհայտարարի թափուր աշխատատեղերի մասին, և լավագույն շրջանավարտները կարող են այստեղ աշխատանք գտնել:

2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների փաթեթը ներկայացրեց ՀՊՏՀ շրջանավարտ, ընկերության հարկային բաժնի պետ Գևորգ Զաքինյանը: Հարկային փաթեթի լուսաբանումը հատկապես հետաքրքրական էր ֆինանսական և հաշվապահական հաշվառման ու աուդիտի ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսանողների և մագիստրանտների համար: 
Ավարտին` Գ. Զաքինյանը պատասխանեց ներկաների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին