Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Դիտումների քանակ՝ 983

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ նշելով, որ թեև կիսամյակի առաջին երկու օրերին հաճախումները քիչ են եղել, սակայն այսօրվանից արդեն գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։

 Դեկանները ներկայացրեցին նաև 2011–2012 ուստարվա առաջին կիսամյակի լուծարքի արդյունքները։ Այսպիսով՝ ֆինանսական ֆակուլտետում առկա բակալավրիատի 4 կուրսերից միասին երկրորդ լուծարքի են մնացել 133 ուսանողներ, իսկ բակալավրիատ հեռակա 1–ին, 2–րդ կուրսերից՝ 83 ուսանողներ։ Հաշվապահապական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում երկրորդ լուծարքի է մնացել 72 ուսանող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում՝ 197, կառավարման ֆակուլտետում՝ 263, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական  հարաբերությունների ֆակուլտետում՝ 195, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ 122 ուսանողներ։ Ընդհանուր առմամբ՝ երկրորդ լուծարքում են հայտնվել մոտ 1000 ուսանողներ։

 Ռեկտոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց, թե  նախորդ տարիների համեմատ այս անգամվա արդյունքն ինչպիսին է, ինչին ի պատասխան նշվեց, որ նախորդ տարիներին երկրորդ լուծարքի էին մնում մոտ 30 տոկոսը, իսկ այս կիսամյակում՝ մոտ 50 տոկոսը։ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ երկրորդ լուծարքում մեծ թվով ուսանողների հայտնվելը կարող է պայմանավորված լինել նաև նվազագույն անցողիկ շեմի բարձրացմամբ (նախկինում անցողիկ է համարվել 40–ից 12 միավորը, իսկ հիմա անցողիկ է 16–ը)։ Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը հավաստիացրեց, որ բուհը լիարժեք պատրաստ է երկրորդ լուծարքն անցկացնելուն, ինչպես նաև տեղեկացրեց, որ հեռակա բակալավրիատի երկրորդ լուծարքները կսկսվեն առկա բակալավրիատի լուծարքներից հետո՝ փետրվարի 23–ից;

 Անդրադարձ եղավ նաև հեռակա բակալավրիատի ուսուցման համակարգի 2011–2012 ուստարվա 5–րդ կուրսի քննաշրջանի ընթացքին, ինչպես նաև մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2–րդ կուրսի գիտահետազոտական փորձառության ընթացքին։ Կարիերային և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանը նշեց, որ փետրվարի 9–ից ուսանողները ներկայացել են կազմակերպություններին և հրամանագրվել։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին