Վաղը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կատարվելու է Համալսարանական նորապսակ զույգերի օրհնության կարգ
Վաղը` փետրվարի 14-ին Տեառնընդառաջի տոնն է: Ինչպես գիտեք, ամեն տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո մեծ հանդիսավորությամբ նշում է մանուկ Քրիստոսին տաճար ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը:
Տոնակատարությունը կսկսվի այսօր երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Ժամերգության ավարտին եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառվում է Տեառնընդառաջի խարույկը` տոնի հիմնական խորհրդանիշը, որը կապվում է հեթանոսական տոնի հետ:
Տարիներ առաջ Ն.Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարձր տնօրինությամբ փետրվարի 14-ը հռչակվել է Նորապսակների օրհնության օր:
Ինչպես տեղեկացնում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը , բուհերում իրականացվող հոգևոր ծրագրերի շրջանակներում, այս տարի առաջին անգամ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կատարվելու է Համալսարանական նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Սիրելի’ նորապսակ ուսանողներ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության պատասխանատուներն ակնկալում են, որ ձեր մասնակցությամբ կյանքի կկոչվի այս գեղեցիկ արարողակարգը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին