Պորտուգալացի ակադեմիկոս Կառլոս Ֆերնանդեսը ՀՊՏՀ–ում հանդես եկավ դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 818

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում զբոսաշրջության զարգացման ժամանակակից թիրախների մասին դասախոսությամբ հանդես եկավ  զբոսաշրջության ուսուցման դասընթացների ղեկավար, Եվրախորհրդի և  զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության խորհրդատու, Պորտուգալիայի Վիանա  դե Կաստելոյի պոլիտեխնիկական ինստիտուտի  ակադեմիկոս Կառլոս Ֆերնանդեսը: Դասախոսությանը մասնակցում էին հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը, ամբիոնի դասախոսներն ու ուսանողները, որոնք մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին պորտուգալացի մասնագետի դիտարկումները` նվիրված զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:  

Կառլոս Ֆերնանդեսը,  խոսելով զբոսաշրջության զարգացման նպատակների մասին, անդրադարձավ  զանգվածային ու այլընտրանքային զբոսաշրջությանը` կարևորելով հատկապես մշակութային զբոսաշրջության զարգացումը:  Պորտուգալացի մասնագետի դիտարկմամբ` զբոսաշրջության վերը նշված ուղղությունը նպաստում է զբոսաշրջիկների վարքագծի փոփոխությանը և ստեղծագործական մտքի վերելքին: Կառլոս Ֆերնանդեսը ներկայացրեց նաև  մշակութային զբոսաշրջության մեջ գործող ծառայությունները` քայլ առ քայլ հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը:

Դասախոսությունն ամփոփվեց  բազմաբնույթ ու ուշագրավ հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին