ՀՀ ԿԳ նախարարությունը հաստատել է բուհերում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը

Դիտումների քանակ՝ 746

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի N 1197-Ն հրամանով     (ընդունված է` 31.10. 2011 թ., ուժի մեջ է` 29.12. 2011 թ.)  հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որը նախատեսում և սահմանում է ընդհանուր դրույթները, ամփոփիչ ատեստավորման ձևերը, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորումը, ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը և անցկացումը:

Մեզ հետ զրույցում պարզաբանելով  նախատեսված որոշ դրույթներ` ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորման ձևերը նախատեսում են ամփոփիչ քննություն և ավարտական աշխատանքի պաշտպանություն: Յուրաքանչյուր մասնագիտության համար դրանց քանակը չպետք է գերազանցի 3-ից: Իսկ ցանկը որոշում է հաստատությունը` ելնելով կրթական չափորոշիչների պահանջներից, այն ամրագրելով ուսումնական պլաններում: Մագիստրոսի որակավորման աստիճանի համար ավարտական աշխատանքի պաշտպանությունը պարտադիր է, իսկ բակալավրի որակավորման աստիճանի համար ավարտական աշխատանքը պարտադիր չէ, դրա անհրաժեշտության վերաբերյալ որոշումը ընդունում է հաստատության գիտական խորհուրդը: Այս տարվա համար ՀՊՏՀ գիտական խորհուրդը համապատասխան որոշում դեռևս չի ընդունել, հետևաբար բակալավրիատի շրջանավարտները կգրեն ավարտական աշխատանքներ:

Ի տարբերություն նախորդ տարիներին գործող կարգի` ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը և անցկացումը սահմանում է ամփոփիչ ատեստավորման արդյունքի բողոքարկման ընթացակարգ: Շրջանավարտը կարող է բողոքարկել ամփոփիչ ատեստավորման կամ ավարտական աշխատանքի, մագիստրոսական ատենախոսության գնահատականը  ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կամ առարկայական հանձնաժողովի նախագահին` արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին