ՀՊՏՀ ղեկավարության առաջին հանդիպումը հեռակա ասպիրանտների և հայցորդների հետ կայացավ

Դիտումների քանակ՝ 805

Հունվարի 13-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ  ռեկտոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի և ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանի առաջին հանդիպումը հեռակա ուսուցմամբ ասպիրանտների և հայցորդների հետ:

«Դուք ընտրել եք գիտության դժվարին, սակայն հետաքրքրական ուղին: Ուզում եմ լրջորեն վերաբերվեք ձեր գործին, նորովի բացահայտեք գիտության աշխարհը: Այսօրվա փոփոխվող աշխարհում  գիտելիքը մշտապես նորացվում է, և պետք է կարողանաք քայլել ժամանակի պահանջներին համընթաց, սովորեք ձեռք բերել նոր գիտելիքներ  և ինքներդ ստեղծել գիտելիք»,-շնորհավորելով ասպիրանտներին և հայցորդներին` ասաց ռեկտորը: Նա վստահեցրեց, որ բուհի ղեկավարությունը, ուսումնական ստորաբաժանումները մշտապես պատրաստ են օգնելու և աջակցելու ասպիրանտներին ու հայցորդներին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ասպիրանտներին և հայցորդներին ծանոթացնելով ուսումնական գործընթացում  տեղի ունեցած փոփոխություններին, նշեց, որ ասպիրանտները ուսումնառելու են կրեդիտային համակարգով: Նա բոլորին նվիրեց  իր հեղինակած «Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ» գիրքը  և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Հանդիպման ավարտին ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանը  հեռակա ուսուցմամբ ասպիրանտներին ներկայացրեց ուսումնառության նոր կարգը, ծանոթացրեց տեղի ունեցած փոփոխություններին և ասպիրանտի անհատական աշխատանքի ուսումնական պլանին:

Հավելենք` այս տարի ՀՊՏՀ  հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա են ընդունվել 27 հոգի անվճար համակարգով, 4-ը` վճարովի: Հայցորդներ են դարձել 74 դիմորդներ:  

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին