ԿԲ ներկայացուցիչների դասախոսությունները վերսկսվել են
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Բաբայանի նախաձեռնությամբ իրականացվող բաց դասերը շարունակվում են նոր ուսումնական կիսամյակում: Դասախոսություններ կարդալու համար դոցենտը հրավիրում է հիմնականում ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին, որոնք էլ գործնական ոլորտի իրենց հարուստ փորձն են հաղորդում ուսանողներին:
Աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում «Կառավարչական ռիսկերի գնահատում և վերահսկողություն» առարկայի դասն այսօր վարում էր ԿԲ ֆինանսական կայունության վարչության ֆինանսական համակարգի վերլուծության բաժնի ավագ վերլուծաբան, տ.գ.թ. Հայկ Բաբայանը: Ներկա էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, վերոնշյալ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, ասիստենտ, տ.գ.թ. Գյուլլո Արաբյանը:
Բանախոսը պարզաբանեց կառավարչական որոշումների ընդունման գործընթացում վերահսկողության դերը, կառավարչական ռիսկերը, դրանց գնահատման մեթոդները, ռիսկի վրա հիմնված վերահսկողության էությունը, պատասխանեց մագիստրանտների հարցերին:
Մասնագիտական առարկաների շրջանակներում բաց դասախոսությունները կշարունակվեն մինչև ուստարվա ավարտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին