Գիրքը՝ բոլոր ժամանակների լավագույն բարեկամ. ՀՊՏՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ի գեղեցիկ խորհուրդն էր այսօր թևածում ՀՊՏՀ Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում, որտեղ համախմբվել էին համալսարանի ընթերցասերները: Բուհի գրադարանի նախաձեռնությամբ, Գիրք նվիրելու օրվա և Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի առիթով տեղի ունեցավ միջոցառում, որի հյուրն էր գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Լիանա Բադալյանը: Մասնակցում էին գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, գրադարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ: Ողջույնի խոսքում տնօրենը կարևորեց գրքի անգնահատելի դերը մարդու կյանքում, ապա ներկայացնելով հյուրին՝ շեշտադրեց, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և ՀՊՏՀ գրադարանն արդեն 1 տարվա գործընկերներ են:
Հաջորդիվ գրքի շնորհանդես էր. Լիանա Բադալյանը ընթերցասերների ուշադրությունը հրավիրեց հիմնադրամի կողմից վերջերս լույս ընծայված «Քաղաքատնտեսություն» ժողովածուի վրա՝ նշելով, որ այն անդրադառնում է 19-20-րդ դարերի քաղաքատնտեսական մտքին և ներառում է նշանավոր հեղինակների աշխատությունների թարգմանություններ ու վերահրատարակումներ: Ժողովածուն ընթերցողին է ներկայացնում Ֆրիդրիխ Ֆոն Հայեկի, Ջոն Մեյնարդ Քեյնսի, Կարլ Մարքսի, ինչպես նաև հայ ականավոր հեղինակների՝ Թադևոս Ավդալբեկյանի, Լեոյի քաղաքատնտեսական աշխատանքները: Գերմանական հիմնադրամի ներկայացուցիչը գրադարանին նվիրեց գրքերի նվեր-փաթեթ, որում «Քաղաքատնտեսություն»-ն ու հիմնադրամի հրատարակած մի շարք գրքեր էին: ՀՊՏՀ գրապահոցի բաժնի վարիչ Աննա Տեր-Մովսիսյանը Լիանա Բադալյանին նվիրեց Հովհաննես Թումանյանի «Ախթամարը»՝ ներկայացված 5 լեզվով:
ՀՊՏՀ-ականներն էլ դատարկաձեռն չէին. փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը և մի խումբ ուսանողներ գրքեր նվիրեցին գրադարանին: Իր հերթին, գրադարանն էլ գրքեր նվիրեց ուսանողներին:
Տոնի առիթով շնորհավորական խոսք ասաց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Մարետա Նիկողոսյանը: Մանկավարժ-փիլիսոփայի դիտանկյունից նա մեկնաբանեց ընթերցանության դերը անձի ինքնազարգացման գործում, հորդորեց գրքի միջոցով իմաստնանալ:
Միջոցառման ավարտին գրքասերները ընթերցանության, երիտասարդների նախընտրած գրքերի շուրջ քննարկումները շարունակեցին քաղցր սեղանի շուրջ՝ ընկերական մթնոլորտում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին