ՀՊՏՀ ֆուտզալիստները չեմպիոնական գավաթը հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին
ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին, որը փետրվարի 17-ին դարձել է Ֆուտզալի բիզնես լիգայի Ա մրցաշարի բացարձակ չեմպիոն, այսօր ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Հավաքականին ուղեկցում էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ ռեկտորը, ով ոչ միայն անմիջական աջակցություն է ցուցաբերում հավաքականին, այլև ամենայն ուշադրությամբ հետևում է հավաքականի խաղերին, շնորհավորեց թիմի տղաներին, շնորհակալություն հայտնեց մարզիչ Կարեն Միքայելյանին ու նաև Հովհաննես Գաբրիելյանին:
Կորյուն Աթոյանը ևս մեկ անգամ ընդգրծեց, որ մեր համալսարանում մարզական կյանքը աշխույժ է, և ինքն ուրախ է, որ ակտիվ սպորտով զբաղվող ուսանողների թվաքանակը հետզհետե ավելանում է: «Սպորտը կոփում է ոչ միայն մարդու մարմինը, այլև մի շարք կարևոր հատկանիշներ: Եվ փորձն է ցույց տալիս, որ մրցակցության ոգին տեսած, այդ ճանապարհն անցած մարդիկ փորձում են ավելի ազնիվ և արդար ապրել»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ հավելելով, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին: Ռեկտորը խոստացավ նաև պարգևատրել մեր մարզիկներին:
Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին հետևողականորեն ցուցաբերվող աջակցության համար, ապա նշեց, որ սպորտի աշխարհում ՀՊՏՀ-ն դարձել է բրենդ և ֆավորիտ, և մեր մարզիկները ձգտում են ավելի մեծ հաջողությունների: Ամբիոնի ղեկավարի խոսքով, ֆուտզալի հավաքականի հաջողություններում մեծ է մարզչի ներդրումը: Թիմի ավագ Նարեկ Դավիթյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարին, ապա նշեց, որ թեև ավարտել է ՀՊՏՀ-ն, բայց կապը հարազատ բուհի հետ չի կարողանում խզել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին