Բարի գալուստ և բարի սկիզբ. Գիտելիքը օրը՝ տոնական ջերմ մթնոլորտում

Դիտումների քանակ՝ 4588

Ավանդույթի համաձայն, Տնտեսագիտական մայր բուհը նոր ուսումնական տարվա մեկնարկն ու Գիտելիքի օրն ազդարարեց հանդիսավոր մթնոլորտում, համալսարանի կանաչազարդ բակում: Վաղ առավոտից մասնագիտական կրթօջախի դռները բաց են  հուսավառ ուսանողների, առաջին կուրսեցիների և նրանց ծնողների առջև:

Նորաթուխ ուսանողներին առաջինը ողջունեցին ուսխորհրդականները՝  նվիրելով սեպտեմբերի 8-ին համալսարանի բակում կայանալիք համերգի հրավիրատոմսեր, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները՝ տրամադրելով բուհի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրեր: Միջոցառման  սկիզբն ազդարարեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:  «Գիտելիքի օրը տոն է կրթության և ուսման արժեքն իմացող հազարավոր մարդկանց համար և հրաշալի է, որ դուք այդ մարդկանց շարքերում եք:

Հարգելի ծնողներ, ցանկանում եմ ձեզ ևս շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ, քանի որ բոլորս գիտենք, թե երեխային համալսարանի ուսանող տեսնելը որքան նվիրական ցանկություն է ծնողի համար: Վստահ եմ, այսօր մեծ տոն է ձեր ընտանիքներում ու հուսով եմ, որ այդ դրական ապրումները ձեզ կուղեկցեն ուսումնառության ամբողջ ընթացքում»,-իր խոսքում նշեց է համալսարանի ղեկավարը:

Համալսարանականներին շնորհավորեց նաև ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը: Տոնական միջոցառումից հետո առաջին կուրսերի առաջին դասերը վարեցին դեկանները, փոխդեկանները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, պարզաբանեցին բուհում ուսումնակազմակերպական դրվածքը,  պատասխանեցին ուսանողների հարցերին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջել է ֆակուլտետներով. մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, օրինակ, առաջին դասը վարում էր մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը՝ ուսանողներին ընդհանուր պատկերացում տալով մարքեթինգ  մասնագիտության մասին:

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ է այցելել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և դեկան Մանուկ Մովսիսյանի, ամբիոնի վարիչների հետ դիմավորել առաջին կուրսեցիներին: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկանն ասաց, որ առաջին դասը ինքն է վարել և խոսել ֆակուլտետի մասնագիտությունների առանձնահատկությունների մասին:

Բազմության մեջ հետաքրքրասեր հայացքներով առանձնացող առաջին կուրսեցիները վճռականորեն են քայլ անում դեպի համալսարանական կյանք: Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ադրինե Վարդումյանը մեզ ասաց,  որ հպարտ է ՀՊՏՀ ուսանողը դառնալու առիթով և փորձելու է լինել օրինակելի համալսարանական, դառնալ լավ տնտեսագետ:

Առաջին զանգը հնչեց. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թևակոխեց  նոր շրջափուլ…

Սիրելի ուսանողներ, շնորհավորում ենք և մաղթում, որ նոր ուստարվա մեկնարկը շահամիտի ձեզ առավել լավ սովորելու, պատասխանատվությամբ  մասնագիտանալու: Բարի երթ…

Օրվա լուսանկարային շարքերը դիտեք համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հետևյալ հղումով՝ goo.gl/14Cnzm:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին