ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել Գիտելիքի օրվա առթիվ

Դիտումների քանակ՝ 2318

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, գեղեցիկ ավանդույթի համաձայն, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, որին կարող եք ծանոթանալ ստորև:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողներ, առաջին կուրսեցիներ

Ուրախ եմ Հայաստանի տնտեսագիտական մայր բուհի այս գեղատեսիլ բակում ձեզ հետ միասին սկսելու նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրը տոն է կրթության և ուսման արժեքն իմացող հազարավոր մարդկանց համար և հրաշալի է, որ դուք այդ մարդկանց շարքերում եք:

Հարգելի ծնողներ

Ցանկանում եմ Ձեզ ևս շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ, քանի որ բոլորս գիտենք, թե երեխային համալսարանի ուսանող տեսնելը որքան նվիրական ցանկություն է ծնողի համար: Վստահ եմ, այսօր մեծ տոն է Ձեր բոլորի ընտանիքներում ու հուսով եմ, որ այդ դրական ապրումները ձեզ կուղեկցեն ուսումնառության ամբողջ ընթացքում:

Սիրելի ուսանողներ

Մեր համալսարանը վերջին տարիներին վերափոխումների մեծ փուլում է, ինչի մասին կարող են վկայել նաև բարձր կուրսերի ուսանողները: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին դուք մանրամասն իմանալու առիթ կունենաք, բայց ես ուզում եմ ձեզ նշել, որ այստեղ իրագործվում են գիտական, հետազոտական, կրթական և միջազգային բազմաթիվ ծրագրեր, բուհը տեխնիկական վերազինման և հիմնանորոգման շարունակական գործընթացում է: Մեր ամենամեծ հաջողությունների շարքում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, որը թեև գործում է մի քանի տարի, սակայն արդեն ձևավորել է բարի համբավ և ծանրակշիռ հեղինակություն: Այս կենտրոնը բաց է ոչ միայն անվանի գիտնականների ու փորձագետների համար, այլև այն ուսանողների, որոնք հետագայում գիտությամբ զբաղվելու ցանկություն կունենան: Փոխանակման բազմաթիվ ծրագրերը, կրթական գործընթացի բարեփոխումները, սոցիալական ծրագրերի ներդրումը, ուսանողների հանգստի և ժամանցի կազմակերպումը, կեցության պայմանների տրամադրումը և համալսարանի տասնյակ նախաձեռնությունները, որոնք իրականացվում են համալսարանի ղեկավարության և աշխատակազմի կողմից, միտված են միայն մեկ նպատակի՝ որակյալ կրթություն տրամադրելուն:

Խոսքս ցանկանում եմ ուղղել հատկապես ձեզ, սիրելի առաջին կուրսեցիներ

Մենք պատկերացնում ենք, թե որքան դժվար է եղել ձեզ համար համալսարանի ընտրության հարցում կողմնորոշվելը: Կարող ենք պատկերացնել այն ապրումները, որոնք ամեն տարի դիմորդներն ունենում են ընդունող հանձնաժողովներում դիմում-հայտը լրացնելիս: Սակայն ես ցանկանում եմ  հավաստիացնել ձեզ, որ չնայած կրթության ոլորտում այսօր առկա մրցակցությանը, հայաստանյան և արտերկրի համալսարանների առկայությանը, դուք ճիշտ եք կողմնորոշվել և ընտրել եք տնտեսագիտական կրթություն առաջարկող մասնագիտացված համալսարան: Միգուցե դուք այստեղ ևս կհանդիպեք դժվարությունների, բայց ուզում եմ հավատալ, որ չեք հիասթափվի, քանի որ կտեսնեք՝ մեր ջանքերը և նպատակներն ազնիվ են, և մեր միակ խնդիրը մրցունակ մասնագետներ պատրաստելն է, որոնք համալսարանն ավարտելուց հետո կկարողանան ստեղծել իրենց կարիերան: Իհարկե, միայն մեր ջանքերը բավարար չեն, հարկավոր է նաև ձեր կամքը և ուսման արժևորման ձեր բարձր գիտակցությունը, որպեսզի արդյունքները լինեն գոհացնող ինչպես ձեզ, այնպես էլ մեզ համար:

Բարի երթ եմ մաղթում բոլորիդ և հորդորում լինել պատասխանատու ձեր կյանքի այս որոշիչ  փուլում:

Շնորհավորում եմ բոլորիս:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ