Հիմնանորոգված և արդիական. ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում տոնեցին նոր ուսումնական տարվա մեկնարկը

Դիտումների քանակ՝ 5089

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր հանդիսավորության պայմաններում նշեցին նոր ուսումնական տարվա մեկնարկը: Քոլեջի մի քանի հարյուր սաներին ու նաև՝ առաջին կուրսեցիներին ողջունելու էր գնացել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Հանդիսությանը ներկա էր նաև քոլեջի աշխատակազմը՝ տնօրեն Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ:

«Սիրելի ուսանողներ, ծնողներ, հարգելի ներկաներ, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի սան դառնալու առթիվ:  Կարծում եմ այս նոր ուսումնական տարին Ձեզ համար կլինի հիշարժան, քանի որ մեր քոլեջ ընդունվելը ձեզ հնարավորություն է տվել հետագա կրթությունը շարունակել նոր ձևաչափով՝ ավելի կոնկրետ և նպատակային»,- իր խոսքը սկսեց ՀՊՏՀ ռեկտորը՝ ներկայացնելով քոլեջի հնարավորությունները, շեշտադրելով, որ քոլեջի սաները հնարավորություն կունենան օգտվելու մայր համալսարանի բոլոր հնարավորություններից:

«Ինչպես գիտեք, Հայաստանի Կառավարության որոշմամբ ֆինանսատնտեսագիտական քոլեջը 2015 թվականից միացվել է Տնտեսագիտական մայր համալսարանին: Սա ավելի ծանրակշիռ է դարձնում քոլեջի դերը և ձեզ ընձեռում նոր հնարավորություններ», - մասնավորապես նշեց Կորյուն Աթոյանը, ում ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ներկաներին դպրության և գիտելիքի տոնի առթիվ շնորհավորանքի խոսք հղեց նաև քոլեջի փոխտնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ուսանողներին հորդորելով լավ սովորել, հավաստիացնելով, որ քոլեջում տրվելու են արդիական գիտելիքներ՝ միաժամանակ կոչ անելով ինքնակրթությամբ զարգանալ: Միջոցառումը շարունակվեց երգ ու պարով, գեղարվեստական միջոցառմամբ:

Այնուհետև ռեկտորը այցելեց քոլեջի լսարաններ և ստորաբաժանումներ: Ինչպես գիտեք ՀՊՏՀ-ն նախաձեռնել է քոլեջի հիմնանորոգման հսկայածավալ աշխատանք, և այս ուսումնական տարին քոլեջը դիմավորեց աննախադեպ պայմաններում՝ վերանորոգված, վերակառուցված ֆոեներով, լսարաններով, լաբորատորիաներով: Այս մասին մենք կներկայացնենք լրացուցիչ հրապարակում՝ ներկայացնելով կատարված աշխատանքի արդյունքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին