Ամեն ինչ արվելու է, որպեսզի բուհում լինի ստեղծարար մթնոլորտ և խթանվեն նորամուծական գաղափարները. Կորյուն Աթոյան

Դիտումների քանակ՝ 703

Դեկտեմբերի 20-ին ՀՊՏՀ նիստերի սրահում մակրոտնտեսական կարգավորում և կանխատեսում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները` դոցենտ Ծովինար Կարապետյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Ստեղծարար (կրեատիվ) միջավայրի ձևավորման մեխանիզմները ՀՊՏՀ-ում» թեմայով գիտահետազոտական խմբային աշխատանք: Ուշագրավ այս միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
«Ցանկացած երկրի շարժիչ ուժը, հաջողությունների հասնելու բանալին նրա տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման մակարդակն է, և որ առավել կարևոր է` ստեղծարար ներուժը: Ներուժ, որը լի է նոր գաղափարներով, հեղափոխական, նորամուծական մտածելակերպով, ռիսկի դիմելու կարողությամբ»,- այսպես իմաստավորեցին իրենց կատարած գիտահետազոտական աշխատանքը ուսանողները և շարունակելով տեղեկացրին, որ աշխատանքը կատարել են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում: ՀՊՏՀ-ում ստեղծարար միջավայրի գնահատականը տալու համար անցկացվել է սոցիոլոգիական ներբուհական հարցում, որին մասնակցել են ուսանողների 98 %-ը (բակալավրիատի 3-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերի 700 ուսանող):
Անդրադառնալով ՀՊՏՀ-ում նորամուծական կրթության անհրաժեշտությանը՝ ուսանողները նշեցին` դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր; Այս առնչությամբ նրանք ներկայացրեցին առաջարկությունների մի ամբողջ փաթեթ:
«Բազմաթիվ նոր գաղափարներ ու ծրագրեր ունենք, որոնք փորձում ենք համատեղ ուժերով կյանքի կոչել: Արդեն համագործակցության պայմանագրեր են կնքվել գործատուների հետ, որի շնորհիվ լուծելու ենք բազմաթիվ խնդիրներ»,-իր խոսքն ուղղելով ուսանողներին` ասաց ռեկոր պարոն Աթոյանը և հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի բուհում լինի ստեղծարար մթնոլորտ և խթանվեն նորամուծական գաղափարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին