Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան ուսանողները
Այսօր ՀՊՏՀ հանդիսասրահը պարուրված էր Առնո Բաբաջանյան բազմատաղանդ երաժշտի մեղեդիների ու երգերի շնչով: Մեծ կոմպոզիտորն ու դաշնակահարը սերունդներին է թողել բոլոր ժամանակներում ապրող, մարդկային հույզերի վրա խորապես ներգործող ստեղծագործություններ, որոնք տարիներ անց չեն մոռացվում, չեն խունանում:
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, համախմբելով իրենց շարքերում ստեղծագործական ու կատարողական շնորհք ունեցողներին, ամենայն պատասխանատվությամբ ու սիրով էին պատրաստվել միջոցառմանը:
Այն սկիզբ առավ Առնո Բաբաջանյանի մասին պատմող լուսանկարների տեսաշարով, ուղեկցվեց կյանքի ուշագրավ դրվագների ներկայացմամբ ու անմոռաց երգերի կատարումներով` «Արեգակին պետք է հեռվից նայել», «Առաջին սիրո երգ», «Կամուրջներ»…
Միջոցառումն ուղղակի հավաստումն էր այն իրողության, որ Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունն ունի հասցեատեր: Նրա երգերը ոչ միայն լսում են, այլև կատարում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին