Կայացավ ՀՊՏՀ ուսանողության երկխոսությունը ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ

Դիտումների քանակ՝ 646

Դեկտեմբերի 7-ին ՀՊՏՀ ուսանողությունը բաց ու անմիջական երկխոսության էր հրավիրվել ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: Հիշատակելով 1988 թ. ահեղ երկրաշարժի տարելիցը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Ռեկտորը ներկայացրեց բուհում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը, որը ներառել է ուսումնական, գիտական,վարչատնտեսական հատվածը, արդեն կատարված աշխատանքը և հետագա գործունեության  միտումները:

«Այսօր պարտավոր ենք մեր բուհի կրթական մակարդակը հավասարեցնել գոնե Հայաստանի աշխատաշուկայի, գործատուի պահանջներին»- ասաց պարոն Աթոյանը` հավելելով, որ պետք է դուրս մղել կարծրացած այն մտածողությունը, թե դասախոսն ուզում է լավ կրթություն տալ,սակայն ուսանողն ընդդիմանում է:

«Մենք հակառակորդներ չենք, մենք ընդհանուր գործ ենք անում և միակամ պետք է լինենք այս ճանապարհին, իսկ միակամության նախապայմանը փոխվստահությունն է, միմյանց հոգսերին տեղեկացված լինելը, միմյանց հավատալը»,-շարունակեց բուհի ղեկավարն ու հորդորեց ուսանողներին համարձակ ու անկաշկանդ շարադրել իրենց մտքերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին