ՀՊՏՀ-ն հանդիսավորությամբ կընդունի իր ուսանողներին. սեպտեմբերմեկյան միջոցառման մեկնարկը՝ ժամը 9.00-ին

Դիտումների քանակ՝ 4761

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա նախաշեմին բոլորս ենք խանդավառ: Վստահ ենք, որ  առանձնակի սպասումով ու նպատակներով են տոգորված  առաջին կուրսեցիները, որոնք  վաղը պիտի մուտք գործեն նոր՝ ուսանողական կյանք:

Սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  գրկաբաց սպասում է ձեզ և պատրաստ է համալսարանական կյանքի նոր շրջափուլի մեկնարկը յուրաքանչյուրիդ համար դարձնելու ջերմ ու տոնական:

Այսպես՝ սեպտեմբերի 1-ին տնտեսագիտական մայր կրթօջախն իր սաներին կսպասի առավոտյան ժամը 9.00-ին, համալսարանի բակում (Նալբանդյան 128, մուտքը՝ դարպասների կողմից): Բացման խոսքով հանդես կգա ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, շնորհավորանքներ կհղեն դեկանները, որից հետո առաջին կուրսեցիներին կուղեկցեն ֆակուլտետներ. դասերը կսկսվեն  9.30-ին:

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները պետք է ժամը 9.00-ին լինեն Զեյթունում գտնվող մասանաշենքում, որտեղ ևս կտրվի նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում են առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի ուսումնական պարապմունքները: Առաջին կուրսեցիները ուսման վարձերը պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 15-ը:  Ֆինանսական ֆակուլտետի դասացուցակները, ինչպես նշել էինք երեկվա նյութում, հրապարակում ենք այսօր:

Մինչ հանդիպում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին