Տնտեսագիտականում կբացվեն մագիստրոսական երեք նոր մասնագիտություններ. ռեկտոր

Դիտումների քանակ՝ 755

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետ կնքված համաձայնագրով համալսարանում բացվելու են մագիստրոսական երեք նոր մասնագիտություններ: Երեկ ուսանողության հետ հանդիպմանը ուսանողներին տեղեկացրեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` արձագանքելով ուսանողներից մեկի այն հարցին, թե մագիստրոսական նոր կրթական ծրագրերն ինչ հեռանկարներ կբացեն մագիստրոսների առջև:

«Մշակվելու են նոր ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, հրատարակվելու են դասագրքեր և ուսումնամեթոդական նյութեր: Մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ միասին կդասավանդեն կոմիտեի բազմափորձ աշխատակիցները: Կազմակերպվելու են ընդունելության քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից և ինֆորմատիկայից: Ուսումնառության երկու տարվա արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանղները մրցութային կարգով աշխատանքի կանցնեն համակարգում: Վարձավճարի չափը դեռևս ճշգրտված չէ, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի բարձր այսօր գործող մագիստրոսական վարձավճարից»,- եզրափակեց ռեկտորը:

Հանդիպմանը ներկա Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեկ ուսանող էլ հետաքրքրվեց, թե արդյոք այլ բուհերի ուսանողներն էլ հնարավորություն կստանան այդ ծրագրի մասնակիցը դառնալու:

Պարոն Աթոյանն անկեղծորեն պատասխանեց, որ այդ մասին չի խորհել, բայց կարելի է խորհրդակցել ու քննարկել: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին