Այցելություն N42 հենակետային ավագ դպրոց
Ավագ դպրոցների հետ ՀՊՏՀ-ի համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանի Շևչենկոյի անվան N42 դպրոց այցելեցին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թաթուլ Մկրտչյանը, բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալբերտ Հովհաննիսյանը, ապրանքագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Կարապետյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ: Դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի ուղեկցությամբ նրանք հյուրընկալվեցին տնտեսագիտական հոսքի երկու 10-րդ և մեկ 11-րդ դասարաններում, ապա մասնագիտական կողմնորոշման, իրենց ամբիոնների գործունեության մասին հանդես եկան համապարփակ ակնարկային դասախոսություններով, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Ինչպես հանդիպման ավարտին նշեց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը, նմանատիպ բովանդակային հանդիպումներն ու շփումներն անհրաժեշտ են ինչպես աշակերտների մասնագիտական կողմնորոշումը, այնպես էլ ավագ դպրոցների կայացումն ամրապնդելու ճանապարհին: Նա ցանկություն հայտնեց, որ իրենց դպրոցի աշակերտները նույնպես այցելեն ՀՊՏՀ` վերջնական պատկերացում կազմելու համար մասնագիտական ընտրության վերաբերյալ:
Տնօրենը նշեց նաև, որ ՀՊՏՀ-ն կարող է նպաստել դպրոցի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, տնտեսագիտական հոսքերում դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացմանը` փորձի փոխանակման, համապատասխան գրականություն տրամադրելու միջոցով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին