«Տնտեսագետ» մարզաառողջարանն ամփոփել է աշխատանքը

Դիտումների քանակ՝ 2599

Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում ծվարած ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանն այս ամառ ևս գործեց հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը, 4 հերթափոխով և հարյուրավոր հանգստացողների պարգևեց կազդուրիչ և հիշարժան հանգիստ:

«Այս տարի, 3-13 օրով հանգստացել է ավելի քան 500 մարդ՝ ՀՊՏՀ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, ուսանողներ (այդ թվում 20 ուսանող Արցախի պետական համալսարանից):  Կազմակերվել են արշավներ, էքսկուրսիաներ դեպի Մաթոսավանք, Ջուխտակ վանք, Հաղարծին և Գոշավանք: Հանգստյան օրերը հագեցած են եղել մարզական խաղերով, մշակութային, խարույկի երեկոներով: Ամեն ինչ արվել է՝ ճամբարականների հանգիստը լավագույնս կազմակերպելու համար»,-ամփոփելով երկամսյա աշխատանքը՝ մեզ հետ զրույցում ասաց մարզաառողջարանի պետ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը:

Վերջին հերթափոխում հանգստացող ուսանողների հանգիստը նշանավորվել է ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնով, որի շրջանակներում մարզաառողջարանը հյուրընկալել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանին, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ՀՊՏՀ պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանին, Սևակ Խաչատրյանին, ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանին (փառատոնին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում):

Այսպես, «Տնտեսագետ»-ն ամփոփեց ևս մեկ ամառ և վստահ ենք, որ այստեղ իրենց ամառային հանգիստն անցկացրած համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստ են նոր եռանդով դիմավորել նոր ուսումնական տարին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին