Նարնջագույն ճակատը՝ «Բազեի» հաղթող. ամփոփվել է համահայկական հավաքը
«Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվել է օգոստոսի 26-ին: Ուրախությամբ ենք արձանագրում, որ հաղթողը նարնջագույն ճակատն է, որտեղ և հանդես էր գալիս մեր համալսարանի թիմը: Ճակատի տնօրենը ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանն էր, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր հաղթանակի գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել մեր ուսանողները՝ արդյունքներ ունենալով լողի, պարի, նորաձևության, ինտելեկտուալ, «Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» թեմայով տեսահոլովակի և այլ մրցույթներում:
«Նարնջագույն ճակատում մեր բուհը ներկայացնում էր 9 ուսանող, որոնցից յուրաքանչյուրն իր ավանդն ունեցավ հաղթանակի հասնելու գործում: Խորհրդանշական գավաթը՝ հաղթական բազեն համալրել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մրցանակների շարքը»,-նշեց ՈւԽ նախագահը, ում, ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պարգևատրել է ԱԺ հուշամեդալով:
«Բազե» համահայկական հավաքն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի 18-30 տարեկան հարյուրավոր երիտասարդների: Այս տարի այն անցկացվեց օգոստոսի 21-26-ը, մասնակիցների թիվը հասել է շուրջ 500-ի:
Շնորհավորում ենք «Բազեի» հոբելյանը, նախաձեռնության կազմակերպիչներին, մասնակիցներին և հաղթող ճակատին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին