Նոր ուսումնական տարին սկսում ենք կրկնակի եռանդով. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ռեկտորատի անդամներին

Դիտումների քանակ՝ 3411

Արձակուրդից հետո նոր ուսումնական տարվա շեմին այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի նիստ, որտեղ քննարկվեցին և հաստատվեցին ուսումնական տարվան ընդառաջ ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային հարցեր: Մասնավորապես ֆակուլտետների դեկանները  զեկուցեցին մագիստրատուրայի առաջին կուրսի ընդունելության արդյունքների, բեռնվածությունների բաշխման և դասատախտակների կազմման ընթացքի մասին: Մագիստրատուրայի առաջին կուրսերի ձևավորման, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպական հարցերը վերջնական փուլում են: Ուսումնակազմակերպական հարցերի գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց հեռակա ուսուցման համակարգի 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը, որը ռեկտորատը հաստատեց:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը օրակարգային հարցերը սպառելուց հետո դիմեց ռեկտորատի անդամներին՝ հորդորելով նոր ուսումնական տարին սկսել կրկնակի եռանդով, արդարության սկզբունքը պահպանելով: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ համալսարանի ռեկտորը բոլորին մաղթեց հաջողություն և հիշեցրեց համալսարանի գլխավոր առաքելությունը՝ բոլոր ջանքերն ուղղել կրթության որակի բարձրացմանը:

Կորյուն Աթոյանը շնորհավորեց նաև ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանին՝ «Բազե» համահայկական հավաքում նարնջագույն ճակատի հաղթանակի առթիվ, որի կազմում էր նաև մեր համալսարանի ուսանողական խորհուրդը: Այս մասին մեր ավելի վաղ արված հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ goo.gl/b9kXYy:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին