«Էրազմուս +». շարունակական ծրագրեր և նոր հնարավորություններ

Դիտումների քանակ՝ 2852

Միջազգային կրթական շուկային ինտեգրվելու համատեքստում մեր համալսարանի համար «Էրազմուս+» ծրագրին անդամակցությունը էական դերակատարում ունի. ծրագրի շրջանակում արտերկրի բուհերում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, աշխատակիցների ուսումնառությունը, փորձառությունն ու վերապատրաստումը, օտարերկրյա համալսարանականների հյուրընկալումն, անշուշտ, իր նպաստը պիտի  բերի  ՀՊՏՀ-ում ինչպես  կրթության որակի բարձրացման, միջազգային կապերի ամրապնդման, այնպես էլ մրցունակ կադրերի թողարկման գործին: Տնտեսագիտական մայր բուհն աննախադեպ աշխուժացրել է միջազգային կապերը, և կրթական ուղղությամբ փոխգործակցությունը հիմնականում «Էրազմուս+»-ի անդամ բուհերի հետ է:

ՀՊՏՀ-ում ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը: Բաժնի պետ Վարդ Ղուկասյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ 2016-2017 ուստարվա ծրագրի արդյունքներն արդեն որոշակիորեն ուրվագծվում են և տարբեր երկրների համալսարաններ մեկնած ուսանողները ամռանը վերադարձել են: Թվով 20 ուսանող մեկ կիսամյակ հնարավորություն է ունեցել ուսանելու աշխարհի 9 համալսարաններում:

Այսօր մենք առիթ ենք ունեցել հանդիպելու մարտի 1-ից հուլիսի 28-ը Խորվաթիայի Օսիյեկի Յոզեֆ Յուրեյ Ստրոսմայերի համալսարանում ուսանած ՀՊՏՀ ասպիրանտներ Վիկտորյա Մովսեսյանի,  Գոհար Մաթևոսյանը և Ռուզան Թադևոսյանի հետ, առաջիկայում կներկայացնենք նաև այս փուլի ծրագրին մասնակից դարձած մյուս ուսանողներին ևս, որոնց պատմությունները  արդեն հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/erasmus/2017/Success_stories_Arm.pdf :

Մեր ասպիրանտները Խորվաթիայում ուսանելիս հնարավորություն են ունեցել հարստացնելու իրենց գիտելիքները, փորձառություն ձեռք բերելու, ապա նաև արձանագրելու գիտական հաջողություններ (մասնակցել են միջազգային գիտաժողովի, աշխատաժողովի, հոդված տպագրել) ու հաղորդակցվելու խորվաթական մշակույթին:

Մեր զրուցակիցների խոսքով՝ Օսիյեկի Յոզեֆ Յուրեյ Ստրոսմայերի համալսարանում ասպիրանտների կրթության առավելություններից մեկն այն է, որ ուսուցումը հիմնականում առցանց է, մասնավորապես, դասախոսները ուսումնական նյութերը համացանցի միջոցով տրամադրում են ուսանողներին, որոշ ժամանակ անց համալսարանում քննարկում է  կազմակերպվում, որի ընթացքում ստուգվում է ուսանողի իմացությունը, ապա առաջադրվում են ստուգիչ վարժություններ, իսկ ավելի ուշ՝ տվյալ առարկայից քննություն են հանձնում: Բացի դրանից, քննությունների ժամանակացույցը համաձայնեցվում է ուսանողների հետ, ինչը լրացուցիչ աջակցություն է և շահամիտում է առավել պատրաստված ներկայանալու:

ՀՊՏՀ պատվիրակներ Վիկտորյա Մովսեսյանը և Ռուզան Թադևոսյանը մասնակցել են «Արևելյան Խորվաթիայի տնտեսությունը. զարգացման հեռանկար» խորագրով գիտաժողովին: Վիկտորյան հանդես է եկել իր գիտական ղեկավար, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի հետ համահեղինակած՝ «ՀՀ-ում ռազմավարական էկոլոգոտնտեսական գնահատման հիմնախնդիրները էներգետիկայի օրինակով» հոդվածով, Ռուզանը՝ գիտական ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ համահեղինակած «Ինովացիոն քաղաքականության գործիքների ուսումնասիրությունը՝ միջազգային փորձի հիման վրա» հոդվածով, որոնք տպագրվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Գոհար Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցել է աշխատաժողովի, զարգացրել որակական մեթոդների հիման վրա գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:

ՀՊՏՀ-ականները օտարերկրացի ուսանողների ուշադրությանն են ներկայացրել Հայաստանի մասին պատմող տեսանյութ՝ անդրադառնալով երկրի տնտեսությանը, զբոսաշրջությանը, պատմությանը և այլն: Համալսարանական օրերը հագեցած են եղել մշակութային միջոցառումներով. Գոհար Մաթևոսյանը ուսանողներին ու դասախոսներին հիացրել է հայկական քամանչայի հնչյուններով, պատմել հին  նվագարանի մասին:

Նույն համալսարանում հյուրընկալվել է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի պետ Ղարիբ Հարությունյանը, ով հանդես է եկել դասախոսություններով և մասնակցել է «Աշխատակիցների միջազգային շաբաթ» միջոցառմանը:

Մեզ հետ զրույցում մասնաճյուղի ներկայացուցիչն ասաց, որ նշված միջոցառմանը մասնակցել են 14 երկրի 29 համալսարանների արտաքին կապերի բաժնի աշխատակիցներ և քննարկել են «Էրազմուս+»-ի շրջանակում միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները:  Մեր ներկայացուցիչը  փոխգործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք համալսարանների հետ: Իսկ դասախոսությունները եղել են ՀՀ բյուջետային համակարգի, հանրային կառավարման համակարգի ֆինանսական հիմնախնդիրների, տեղական ինքնակառավարման, բյուջետային հարցերի շուրջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին