Մեկնարկել է «Բազե -2017» -ը. ՀՊՏՀ թիմը նարնջագույն ճակատում է

Դիտումների քանակ՝ 2418

Արդեն 15 տարի՝  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Բազե» համահայկական հավաքի շուրջն է  համախմբում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայ երիտասարդությանը՝ կարևորելով նրանց ներուժը երկրի զարգացման ու առաջընթացի գործում, սերտացնելով Հայրենիք-Սփյուռք-Արցախ կապը՝ հայրենատիրության հորդոր հղելով  երիտասարդներին ու խրախուսելով տաղանդը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքը… «Բազեն» սովորելու, հմտանալու, ինքնադրսևորվելու ու կոփվելու մեծ մրցադաշտ է և, անշուշտ, ամենամյա  հավաքներին  իրենց  ակտիվ  մասնակցությունն են ցուցաբերում Տնտեսագիտական մայր բուհի  ուսանողները:

Երեկ Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2017»-ը, և հավաքի ստեղծման 15-ամյակը նշանավորվել է հանդիսավոր բացման արարողությամբ, որին  ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՊՏՀ-ականները «Բազեում» հանդես են գալիս նարնջագույն ճակատի ներքո, մեր ուսանողների մասնակցությունը համակարգում է ուսանողական խորհուրդը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հեռախոսակապ հաստատեց ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի հետ, ով նշեց, որ նարնջագույն ճակատն արդեն 2 մրցույթում հաջողություն է արձանագրել:

«Այս տարի նորամուծություններ կան, մի շարք մրցույթներ անցկացվում են առաջին անգամ. մի մրցույթում օրինակ, ներկայացրել ենք Հայաստանի զարգացման տեսլականը (շնորհանդես) և առաջին տեղն ենք նվաճել: Հետաքրքիր էր նաև զբոսաշրջության վերաբերյալ մրցույթը, որտեղ առաջադրված էր համակողմանի ներկայացնել ՀՀ գրավչությունը՝ զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով. այստեղ էլ ճակատը 2-րդ տեղն է զբաղեցրել: Առջևում մնացած մրցույթներն են, մենք տրամադրված ենք հաղթանակի և փորձում ենք  համալսարանը պատվով ներկայացնել»,-նշեց ՈւԽ նախագահը:

Ի դեպ, նարնջագույն ճակատը «Բազե-2017»-ին ներկայացել է «Դեպի հաղթանակ» երգի գունեղ տեսահոլովակով, որի ստեղծմանը մասնակցություն են ունեցել ՀՊՏՀ-ականները: Տեսահոլովակը՝ այստեղ:

Նշենք, որ հոբելյանական «Բազեն» անցկացվում է օգոստոսի 21-27-ը: Նարնջագույն թիմին մաղթում ենք հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին