ՀՊՏՀ խորհրդի նախագահը և ռեկտորը հյուրընկալվել են «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը օգոստոսի 18-ին հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանում անցկացվող «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 13-ին:
Փառատոնի մասնակիցներին են այցելել նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը և Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը: Ճամբարականները պատվավոր հյուրերին դիմավորել են հայկական տոնական շուրջպարով՝ ներկայանալով գեղեցիկ ավանդույթի վերածված և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրեթե բոլոր միջոցառումներից անպակաս դարձած «Բերդ»-ով: Հյուրերն ընթրել են ուսանողների հետ, երեկոն անցկացրել տոնական խարույկի շուրջը, իսկ ուսանողներն առիթ են ունեցել հարցեր հղելու Վաչե Գաբրիելյանին:
ՀՊՏՀ գործունեության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպման հարցին: Սա մեր համալսարանի սոցիալական քաղաքականության շրջանակներում է: Յուրաքանչյուր տարի՝ ամռանն ընդառաջ, մասնակի վերանորոգումներ են կատարվում մարզաառողջարանում, որպեսզի ՀՊՏՀ-ականների և նրանց ընտանիքների հանգիստը կազմակերպվի ավելի հարմարավետ միջավայրում: Թեպետ մարզաառողջարանի ուղեգրերը մատչելի են և խորհրդանշական գին ունեն, այդուհանդերձ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով և բուհի կառավարման մարմինների որոշումներով յուրաքանչյուր տարի անվճար ուղեգրեր են հատկացվում շուրջ հարյուր ուսանողների:
Արդեն մի քանի տարի Դիլիջան են հրավիրվում Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերի 25 ներկայացուցիչներ: Այս տարի ներդրվեց ևս մեկ ծրագիր՝ ևս 20 անվճար ուղեգիր հատկացվեց ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի աշխատակիցներին:
«Ինչպես բժշկական ապահովագրությունը, այնպես էլ աշխատակիցների և ուսանողների հանգստի արդյունավետ կազմակերպումը մեր ուշադրության կենտրոնում է: Խնդիրները բազմաթիվ են, բայց մենք փորձում ենք յուրաքանչյուր տարի բարելավել նաև մարզաառողջարանի պայմանները, նոր հնարավորություններ ստեղծել մեր աշխատակիցների և ուսանողների համար: Ուրախալի է նաև, որ մեր մարզաառողջարանի ավանդույթները ոչ միայն չեն վերանում, այլև նորովի են ամրապնդվում, ինչին մասնակից ենք լինում նաև մենք:
Համալսարանի խորհրդի նախագահի այցը մարզաառողջարան ևս այդ գեղեցիկ ավանդույթներից է, և ինձ համար հաճելի է, որ նման առիթները շարունակական են»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից անցկացվող փառատոնի մարզական և մշակութային մրցույթների արդյունքներով այս տարի հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին