«Տնտեսագետ» մարզաառողջարան. դիլիջանյան ակտիվ ու կազդուրիչ հանգիստ (լուսանկարներ)
Չորս տասնամյակ շարունակ Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ հովտում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը համալսարանականներիս ու նրանց ընտանիքների համար ոչ միայն կազդուրիչ ու մատչելի հանգստի, այլև առողջ ապրելակերպի, ջերմ հարաբերությունների ու մտերմության, հարուստ հիշողությունների կերտման անփոխարինելի վայր է: Այս տարի այն սկսեց գործել հուլիսի 5-ին և վերջին հանգստացողներին կճանապարհի օգոստոսի 25-ին, 4 հերթափոխով՝ յուրաքանչյուրը 13 օր:
Մարզաառողջարանի պետն է ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը, տեղակալը նույն ամբիոնի ավագ լաբորանտ Ալիսա Զարեյանը, ճաշարանում համեղ կերակրատեսակներ էին պատրաստում Կարինեն և Հրաչը: Հանգստացողների տրամադրության տակ էին մարզադաշտերը, սեղանի թենիսի սրահը, և ինչպես միշտ ավանդական էին երթուղիները դեպի Ջուխտակ վանք, Մաթոսավանք, Գոշավանք, Հաղարծին և այլ պատմական վայրեր:
Երեք հերթափոխերի ընթացքում մարզաառողջարանը հյուրընկալել է համալսարանի դասախոսներին, աշխատակիցներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչներին: Մեր համալսարանի ղեկավարության հոգածության շնորհիվ այս տարի շատերը հնարավորություն են ստացել ձեռք բերելու անվճար ուղեգրեր:
Այս պահին, չորրորդ ու վերջին հերթափոխում իրենց ակտիվ ու ստեղծագործական հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները: Օգոստոսի 13-19 ընթացքի մեջ կլինի «Ուսանողական ամառ – 2017» փառատոնը, որը մարզական, կրթական ու ճանաչողական է և լավագույնս համախմբում ու միասնացնում է երիտասարդներին:
Վերջին հերթափոխի ավարտից հետո առավել մանրամասն անդրադարձ կկատարենք դիլիջանյան այս ամառվա ուշագրավ անցուդարձերին, իսկ այս հրապարակմամբ ձեզ ենք ներկայացնում նկարաշարք 3-րդ հերթափոխից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին