Բարի մեկնարկ. սկսում ենք նոր աշխատանքային տարին և ներկայացնում արձակուրդային շրջանի ՀՊՏՀ անցուդարձը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել է նոր աշխատանքային տարին. ամառային արձակուրդից վերադարձել և աշխատանքը վերսկսել է համալսարանի հիմնական աշխատակազմը: ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը արձակուրդից կվերադառնա օգոստոսի 25-ին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօրվանից վերսկսում է համալսարանական և կրթական իրադարձությունների լուսաբանումը:
Տեղեկացնենք, որ արձակուրդային շրջանում համալսարանում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ ավելի բարենորոգ ու ժամանակակից միջավայրում նոր ուսումնական տարին սկսելու համար: Թե ինչ է արվել այս ուղղությամբ, լուսանկարային շարքերով կներկայացնենք առաջիկայում:
Արձակուրդային շրջանում համալսարանն ունեցել է հյուրեր և այս մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում եվրոպական բուհեր մեկնած ուսանողները կիսամյակի ավարտին վերադարձել են վառ տպավորություններով, փորձ ու գիտելիքներ ձեռք բերած: Մեր համալսարանի ուսանողների տպավորություններին կարող եք ծանոթանալ բուհի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://media.asue.am/upload/erasmus/2017/Success_stories_Arm.pdf:
Նոր ուսումնական տարվա «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո, ինչպես նաև «Հայտարարություններ» բաժնում:
Հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հյուրնկալել է հնդկական «Bilimoria&Associate» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նուվելի Բիլիմորիան: Նուվելի Բիլիմորիան շրջել է համալսարանում, ծանոթացել բուհի հնարավորություններին, օտարերկրյա ուսանողներին առաջարկվող ծրագրերին: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել համագործակցության վերաբերյալ. այսուհետ նշված կազմակերպությունը Հնդկաստանում կզբաղվի ՀՊՏՀ ուսանողների հավաքագրմամբ: Այս մասին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հարցազրույց է տվել նաև «Արմենիա» հեռուստաընկերությանը, ռեպորտաժը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.armeniatv.am/hy/62815-62815:
Հուլիսի 27-ին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը ՀՊՏՀ-ում հյուրնկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական և առևտրային հարցերով հյուպատոս Ուանգ Հոնգլիանգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը արձակուրդում է և կվերադառնա օգոստոսի 21-ին:
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում շարունակվում է 2017-2018 ուստարվա համար ընդունելությունը. դիմորդների փաստաթղթերը կընդունվեն մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Մենք զրուցեցինք քոլեջի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Լուսինե Հարությունյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս տարի արձանագրվել է աննախադեպ ընդունելություն. օրինակ, ֆինանսներ մասնագիտության 20 անվճար տեղի համար դիմել է 64 դիմորդ, բանկային գործ մասնագիտության 20 տեղի համար՝ 60 դիմորդ:
«Մինչև 19 տարեկան դիմորդների համար (9-ամյա կրթությամբ) քոլեջում ուսումնառությունն անվճար է, օգոստոսի 28-ին արդեն կհրապարակվեն ընդունվածների անունները: Հավելենք, որ քոլեջն այս պահի դրությամբ ունի 12-ամյա կրթությամբ 4 դիմորդ, իսկ արհեստագործական 3՝ խոհարարական գործ, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությունների գծով այս պահին կա 55 դիմորդ»,- ասաց Լուսինե Հարությունյանը՝ ընդգծելով, որ անվճար տեղերի համար բարձր մրցույթ է սպասվում:
Արգասաբեր աշխատանքային տարի ենք մաղթում բոլորին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին