ՀՊՏՀ ներկայացուցիչները վերապատրաստվել են Աթենքի համալսարանում

Դիտումների քանակ՝ 3689

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը հունիսի 26-30-ը հյուրընկալել է ՀՊՏՀ 2 աշխատակցի. հունական համալսարանում վերապատրաստվել են ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արսեն Պետրոսյանը և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի համակարգչային սրահների պատասխանատու Մարիամ Կիրակոսյանը: Ինչպես նշում են  մեր պատվիրակները, վերապատրաստման ծրագիրը հագեցած ու բազմաբովանդակ է եղել: Ծրագրին մասնակցել են 15 համալսարանների ներկայացուցիչներ, որոնք աշխատաժողովի ընթացքում  անդրադարձել են իրենց բուհերի կրթական  ծրագրերին, գիտահետազոտական գործունեությանը, օտարերկրացիների կրթության կազմակերպմանը և այլն,  քննարկել միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր ու  կիսվել փորձով: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են «Հունական մշակույթ և հունարեն լեզու» խորագրով կրթական, «Հունական գիշեր» ժամանցային միջոցառումները՝ օտարերկրացի մասնակիցներին  հաղորդակից դարձնելով հունական մշակույթին:

Մեզ հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասաց, որ Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանն արդիական կրթական միջավայր ունի և իրեն հատկապես տպավորել է համալսարանի ներսում գործող շրջանավարտների աշխատանքի տեղավորման    գործակալության աշխատելաոճը, որը տնտեսության տարբեր ճյուղերում խորհրդատվաական և միջնորդական ծառայություն է տրամադրում:

Մարիամ Կիրակոսյանը հատկանշեց Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի գրադարանի ավտոմատացված համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ծառահություն ստանալ գերարագ և ճշգրիտ:

Նոր ուսումնական տարում ՀՊՏՀ վերապատրաստված աշխատակիցները ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնեն իրենց գործընկերներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին