eDrone ծրագրի աշխատաժողովում

Դիտումների քանակ՝ 3293

«Էրազմուս+» ՀԳ2 «Educational for Drone (eDrone)» ծրագրի աշխատանքային երկրորդ փաթեթի ամփոփիչ աշխատաժողովն այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում: Ծրագրի հիմնական նպատակն է գործընկեր համալսարաններում ստեղծել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուսումնառության կենտրոններ, մշակել դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ենթակառուցվածք ձևավորել, որի միջոցով գործընկեր համալսարանները կփոխանակեն կրթական ծրագրեր, գիտական և տեխնոլոգիական գիտելիք:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի (միջոցառման կազմակերպիչ) պետ Վարդ Ղուկասյանը ողջունեց Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Լեհաստանից ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և ներկայացրեց հյուրերին՝ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլիին, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային, eDrone նախագծի համակարգող Պասկալ Դապոնտեին  (Իտալիայի Սաննիոյի համալսարան):

Աշխատաժողովի մեկնարկն ազդարարեց ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ բուհի ղեկավարը մաղթեց հագեցած ու արդյունավետ աշխատանքային օր: Նա մասնավորապես նշեց, որ ծրագրի շուրջ համախմբված 17 գործընկեր համալսարանները կարճ ժամանակահատվածում բավականաչափ աշխատանք են կատարել և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, բացի տնտեսագիտական համալսարանից, բոլոր գործընկեր համալսարանները տեխնիկական ուղղվածություն ունեն: Ըստ ռեկտորի՝ մեր բուհը ծրագրում յուրահատուկ դերակատարություն ունի. ՀՊՏՀ փորձառու մասնագետներին է վերապահված կատարվելիք աշխատանքի մարքեթինգային մոդուլի ներկայացման  պատասխանատվությունը:

«Սա կարևոր ծրագիր է, և ես բարձր եմ գնահատում այն պատասխանատվությունը, որ ստանձնել ենք բոլորս՝ թե՛ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունը, թե՛ գործընկեր համալսարանները: Միջազգայնացման ներկա գործընթացներում այսօրինակ ծրագրերը գալիս են հաստատելու այն համոզմունքը, որ արժեքավոր աշխատանքը կարող է իր շուրջը համախմբել մասնագետների աշխարհի տարբեր ծայրերից»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Դեսպան Ջովաննի Ռիչուլլին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա, տեխնոլոգիական առաջընթացում կարևորելով այս ծրագրի դերակատարությունը, մաղթեց հաջողություն:

Լանա Կառլովան կարևորեց համատեղ նորաստեղծական գործունեությունը, որը միավորում է ճարտարագետներին և ՏՏ մասնագետներին: Նա հույս հայտնեց, որ ծրագրում աշխույժ ներգրավվածություն կունենա հատկապես երիտասարդ սերունդը և կապահովի լավ արդյունք:

eDrone նախագիծը ներկայացրեց Պասկալ Դապոնտեն՝ հիմնականում անդրադառնալով կատարված աշխատանքին, առաջիկա անելիքներին, որոնք միտված են մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը,  անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների ստեղծմանը:

Աշխատաժողովի առաջին ընդմիջմանը մասնակիցները լուսանկարվեցին համալսարանի գեղատեսիլ բակում:

Այնուհետև հնչեցին զեկուցումներ, տեղի ունեցավ քննարկում:

«Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «նախատիպերի» հանձնաժողովի կանոնակարգումը՝ անօդաչու թռչող սարքերի գործարկման մասին. ԱԹՍ օրենքները ԵՄ երկրներում» թեմայով զեկուցումը ներկայացրեց Ավգուստին Լուպուն (Ռումինիա), գործընկեր երկրներում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, անօդաչու թռչող սարքերի օրենքները ներկայացրին Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանից Վալերիու Կազան, Իլիայի պետական համալսարանից Դավիթ Չեչելաշվիլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Հրաչյա Կարապետյանը, «Անօդաչու թռչող սարքի մշակում և ինժեներական լուծումներ» թեմայով հանդես եկավ Սուսաննա Առաքելյանը, AirWorker կազմակերպությունը ներկայացրին Արամ Հարությունյանը և Աննա  Խաչատուրովան:

Աշխատաժողովն ամփոփվեց կոնսորցիում-հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային փաթեթ 3-ի առանցքային հարցերը:

Այս պահին աշխատաժողովը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ծրագիրը Հայաստանում ներկայացնում են երկու բուհեր՝  Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին