Միջազգային համագործակցության ընդլայնում. ՀՊՏՀ-ում էին հունգարական համալսարանի դասախոսները

Դիտումների քանակ՝ 2553

«էրազմուս+» ծրագրի  շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական և Հունգարիայի Միսկոլիչի համալսարանների  փոխգործակցության   ծրագրով  հուլիսի 10-14-ը մեր համալսարանի հյուրերն են հունգարական համալսարանի դասախոսներ Դորա Հորվարդը, Վիկտոր Մոլնտը, Ժոլդ Հարանգոզոն: Երեկ, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, նրանք շրջել են բուհում, ծանոթացել մասնաշենքերին, գրադարանին, քննությունների անցկացման ընթացակարգին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությանը:

Օտարերկրացի դասախոսներն այսօր հանդիպեցին «Էրազմուս+» ծրագրով արտերկրի բուհերում ուսանած կամ վերապատրաստված ՀՊՏՀ  ուսանողներին, ասպիրանտներին, երիտասարդ դասախոսներին, աշխատակիցներին: Դասախոսները ներկայացրին իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակը, իրենց կողմից դասավանդվող առարկաները (տնտեսագիտության ֆակուլտետում), ապա կանգ առան հունգարական կրթական համակարգի առանձնահատկությունների վրա, անդրադարձան Միսկոլիչի համալսարանի բակալավրական, մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերին: Այս համատեքստում ունկնդիրներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ծավալվեց քննարկում: Նախանշվեցին գործընկեր համալսարանների գիտական համագործակցության հեռանկարները:

Ինչպես տեղեկացնում են արտաքին կապերի բաժնից, 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակում «էրազմուս+» ծրագրով Միսկոլիչի համալսարանում ուսանել է ՀՊՏՀ 2 ուսանող, վերապատրաստվել է 1 դասախոս, 1 աշխատակից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին