ՀՊՏՀ ուսանողը՝ Կազանում ընթացող համաժողովի մասնակից
Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի (Ռուսաստանի Դաշնություն)` Վոլգայի տարածաշրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ակադեմիան հուլիսի 2-8-ը հյուրընկալել է երկրագնդի ամենատարբեր անկյունների սպորտային լավագույն կամավորների առաջին համաժողովը, որն իրականացվում է Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո: Թեև համաժողովի գաղափարը ծնվել է դեռ 2012թ-ին՝ Կազանի կամավորական շարժման ակտիվիստ Տիմուր Տուֆեթուլովի կողմից, այնուամենայնիվ, այս ձևաչափով համաժողովն առաջին անգամ իրականություն դարձավ հենց այս տարի: Համաժողովին մասնակցում են 100 կամավորներ՝ աշխարհի 91 երկրներից, ովքեր այս օրերին համախմբվել են 1 գաղափարի շուրջ. բացահայտել ամբողջ աշխարհում կամավորության և երիտասարդական սպորտի հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները:
Համաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է ՀՊՏՀ ուսանող, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կամավոր Գրիգոր Ոսկերչյանը: Այս մասին մեզ տեղեկացնում են ՀՊՏՀ ուսանողական խորհրդից և հավելում՝ ինչպես Գրիգորն է հայտնում՝ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, համաժողովում ջերմ ու ընկերական մթնոլորտ է: «Թեև համաժողովն առաջին անգամ է կյանքի կոչվում, բայց կազմակերպիչներն արել են ամեն բան՝ գերազանց արդյունք ապահովելու համար: Շնորհակալություն հիանալի ընդունելության և գիտելիքներով հարուստ, հագեցած ու հետաքրքիր մի քանի օրեր մեզ՝ կամավորներիս պարգևելու համար: Ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու և հայկական դրոշը այս հարթակում ևս հպարտությամբ ծածանելու համար»,- նշել է Գրիգորը:
Հուլիսի 3-ին կայացել է համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը, Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի (FISU) նախագահ Օլեգ Մատիցինը, Կազանի քաղաքապետ Իլշուր Մեթշին և այլք: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են համաժողովի վերջին օրը լավագույն 5 մասնակիցները հնարավորություն են ստանալու մասնակցել Թայվանում կայանալիք ամառային համալսարանական ունիվերսիադային:
Համաժողովի մասնակիցների օրը հագեցած է ոչ միայն տեղեկատվական սեմինարներով, քննարկումներով ու բանավեճերով, այլև ժամանցային ծրագրերով ու միջոցառումներով: Բանախոսություններով հանդես են եկել մեծ ճանաչում ունեցող այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են FISU-ի մամուլի քարտուղար Տորին Կոոսը, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը և այլք: Մասնակիցները համաժողովի ընթացքում փորձարկել են նաև նոր հարթակ՝ ''WhenSpeak'' («Երբ խոսում են»), որը մշակվել է հատուկ համաժողովի համար, և որի ընթացքում համաժողովի մասնակիցները հանդես են եկել տարբեր հոդվածներով:
Գրիգոր Ոսկերչյանին մաղթում ենք հաջողություն:
Հ.Գ. Տեղեկատվությունն ու լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ Ուխ-ն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին