Աշխատաժողով ու վերապատրաստում. մասնակցել են ՀՊՏՀ գիտնականները

Դիտումների քանակ՝ 2501

Հուլիսի 1-2-ը Վանաձորի պետական համալսարանում տեղի է ունեցել «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» խորագիրը կրող ԵՄ Տեմպուսի Վերիտաս ծրագրի աշխատաժողովը և վերապատրաստումը, որին,  որպես ասպիրանտների գիտական ղեկավարներ, մասնակցել են տ.գ.թ., դոցենտներ, ՀՊՏՀ-ում Վերիտաս ծրագրի համակարգող, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Գրիգորյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը և մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ռուզաննա Հաջոյանը:

Մասնակիցների թվում են եղել  Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի (ծրագրի գլխավոր համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և ծրագրի կոնսորցիումի անդամ այլ համալսարանների, ՀՀ ԿԳՆ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նոր նախագծի հետևյալ հարցերը՝  ասպիրանտական կրթությանը վերաբերող դրույթներ, ասպիրանտների գիտական ղեկավարման բնագավառում ԵՄ գործընկեր համալսարանների փորձը և դրա կիրառումը ՀՀ բուհերում, գիտական ղեկավարներին  վերաբերող որակի ապահովման չափանիշին և չափորոշիչներին առնչվող հարցեր, ինչպես նաև համալսարաններում զալցբուրգյան սկզբունքներով ասպիրանտական կրթական ծրագրերի և ինքնավերլուծությունների արտաքին փորձաքննության զեկույցների խորհրդատվությունները և առաջարկությունները:

ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդես են եկել վերոնշյալ հարցերին վերաբերող մի շարք առաջարկություններով և դիտարկումներով:

Աշխատաժողովի երկրորդ հատվածում գիտական ղեկավարների համար կազմակերպվել է վերապատրաստում: Ինչպես նշում է մեր համալսարանում Վերիտասի համակարգող Կարեն Գրիգորյանը, այն զարգացրել է մասնակիցների գիտական ղեկավարման հմտություններն և կարողությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին