Կարևորելով ուսանողի գիտելիքն ու մոտիվացիան. ովքե՞ր են հատուկ մրցանակի արժանացած շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 3556

Դիպլոմների հանձնում, շնորհավորանքներ, համերգային ծրագիր, մրցանակներ. մայիսի 23-ին տեղի ունեցած ավարտահանդեսը լի էր  անակնկալներով ու հիշարժան իրադարձություններով: Ջերմ ու հուզառատ մթնոլորտում ՀՊՏՀ-ն  դեպի մեծ կյանք ճանապարհեց իր շրջանավարտներին: Միջոցառման  ամենաուշագրավ հատվածներից մեկը լավագույն շրջանավարտներին մրցանակների հանձնման արարողությունն էր: Ինչպես տեղեկացրել էինք հունիսի 23-ի մեր հրապարակման մեջ՝ ՀՊՏՀ պատմության մեջ առաջին անգամ, բարձր առաջադիմությամբ 2 շրջանավարտի մրցանակներ շնորհվեցին տարբեր անվանակարգերում: Մասնավորեցնելով՝ նշենք, որ «ՀՊՏՀ  2017թ. լավագույն շրջանավարտ»  ճանաչված՝ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության  ուսանող Անդրանիկ Մանուկյանը ուսումնառության 4 տարիների ընթացքում ցուցաբերել է ամենաբարձր  առաջադիմությունը. նրա միջին որակական գնահատականը գրեթե բացարձակ գերազանց է՝ 99,75 : Իսկ  «ՀՊՏՀ սահմանապահ համայնքի լավագույն շրջանավարտ» կոչման արժանացած   Էլեն Նավասարդյանը (արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում)  Մովսես գյուղից է:

Ինչպես նշեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը մրցանակը հանձնելիս՝ սահմանապահ գյուղերը մշտապես ուշադրության կենտրոնում են և այս խրախուսական մրցանակը նպատակ ունի էլ ավելի քաջալերելու և ուղղորդելու առաջավոր  ուսանողներին: Հավելենք, որ Էլենը ստացել է գերազանցության (կարմիր) դիպլոմ:

Ավարտահանդեսի ընթացքում ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեսախցիկը գեղեցիկ ակնթարթներ է արձանագրել նաև բոլոր ֆակուլտետների  շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունից, որն ավելի ուշ՝ երեկոյի ավարտին տեղի ունեցավ:

Կրկին շնորհավորում ենք շրջանավարտներին և մաղթում բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին