ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում նշվել է հաստատության հիմնադրման 20-ամյակը
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը 20 տարեկան է: Այս առիթով այսօր Գյումրիում հյուրընկալվել և հոբելյանական միջոցառմանը մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը , ԱԺ պատգամավորներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակն է շնորհավորել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շեշտադրելով, որ այն նաև մայր բուհի տոնն է: «Քսան տարի անց, հայացք ձգելով այդ իրադարձության (մասնաճյուղի հիմնադրմանը-հեղ.) ու արդեն իսկ ծանրակշիռ ճանապարհ անցած կրթօջախի պատմությանը, կարելի է փաստել՝ այն պատվով է իրականացնում իր առաքելությունը, հավատարիմ է մասնագիտական բարձրորակ կրթական ծառայություն մատուցելու ու արժանապատիվ մարդ-քաղաքացի դաստիարակելու իր կոչմանը:
Ինձ համար՝ որպես բուհի ռեկտորի և գիտնական-մանկավարժի, տեսանելի են այն բոլոր հիմնախնդիրները, որոնք ծառացած են բարձրագույն կրթական հաստատությունների առջև, հետևաբար գնահատելի է այն ավանդը, որ մեր համալսարանի մասնաճյուղի կայացման համար ի սկզբանե ներ է դրվել: Անշուշտ, դա մի համալիր գործընթաց է, որն սկսվում է նյութատեխնիկական բազայի ձևավորումից, աշխատանքային և ուսման պայմանների ստեղծումից, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրումից մինչև բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հավաքագրում, արդիական մասնագիտական ծրագրերի կազմում ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում»,- նշել է համալսարանի ռեկտորը:
Ինչպես հաղորդում են մասնաճյուղի մեր գործընկերները, բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը՝ պատմական ակնարկով անդրադառնալով մասնաճյուղի պատմությանն ու ձեռքբերումներին: Ցուցադրվել է մասնաճյուղի մասին պատմող ֆիլմ:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել դասախոսներ, ելույթ է ունեցել մասնաճյուղի մագիստրանտ, ՀՀ ԿԲ անվանական կրթաթոշակառու Անժելա Պապիկյանը:
Միջոցառումը հագեցած է եղել նաև մշակութային ելույթներով:
Հ.Գ. Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին