Տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ հրաժեշտ տվեցին շրջանավարտներին (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր շրջանավարտներին ճանապարհելու հանդիսավոր միջոցառում էր: ՀՊՏՀ բակում տոնական տրամադրության, գեղեցիկ ձևավորման և երաժշտության մթնոլորտում ՀՊՏՀ ղեկավար կազմը՝ պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմը հրաժեշտ տվեց համալսարանի այս տարվա շրջանավարտներին:
ՀՊՏՀ ուսումնական բաժնի տրամադրած տվյալների համաձայն, այս տարի Տնտեսագիտական համալսարանն ավարտում է առկա մագիստրատուրայի 268, առկա բակալավրիատի 855 և հեռակա բակալավրիատի 440 ուսանող: Նրանք բոլորն այսօր հավաքվել էին ՀՊՏՀ բակում՝ մասնակցելու ավանդույթի վերածված ամենամյա հրաժեշտի երեկույթին: Տոնական հանդիսությունը կազմակերպվել էր ՀՊՏՀ ռեկտորատի, շարունակական կրթության և կարիերայի բաժնի, ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերով:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ սույն հիշարժան իրադարձության առթիվ իր սրտի ջերմ խոսքը հղելով շրջանավարտներին: «Սա տոն է բոլորիս համար. Ձեզ համար, սիրելի շրջանավարտներ, բարձրագույն կրթություն ստանալու որոշիչ փուլն ավարտելու, իսկ կրթության կազմակերպիչներիս համար՝ մասնագետների հերթական սերունդը թողարկելու համար: Տոն է նաև Ձեզ համար, հարգելի ծնողներ:
Արդեն քանի տասնամյակ՝ մեր համալսարանը թողարկում է մասնագետներ, որոնք իրենց նպաստն են բերում հայրենի տնտեսության, ինչպես նաև տնտեսագիտական մտքի զարգացման գործին՝ ներգրավված լինելով մեր երկրի ամենատարբեր ոլորտներում: Մենք հպարտորեն ենք մատնանշում մեր համալսարանի անվանի շրջանավարտներին, որոնք այսօր պատասխանատու հանձնառություն են ստանձնել թե՛ պետական, թե՛ մասնավոր համակարգում: Նրանք հեղինակավոր գիտնականներ են, մասնագետներ, իրենց գործի գիտակներ, որոնց ներդրումը մեծ է մեր պետության կայացման և առաջընթացի ապահովման գործում»,- ասաց համալսարանի ռեկտորը:
Կորյուն Աթոյանը շեշտադրեց, որ համաշխարհային կրթական շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, հայաստանյան կրթական համակարգի առջև առկա ներկա մարտահրավերները առաջադրում են նոր խնդիրներ, կրթության որակի և բովանդակության բարելավման միջոցների շտապ և կայուն ներդրում: Բարձրագույն կրթությունը, բնականաբար, անմասն չէ, այն ևս վերափոխումների փուլում է՝ հանրային և պետական քննարկման օրակարգում է նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, և, ռեկտորի խոսքով, մեր համալսարանը պատրաստակամ և շահագրգռված է, որ կյանքի կոչվեն այն բոլոր մոտեցումները, որոնք իսկապես կլավարկեն բարձրագույն կրթության որակը, կլուծեն առկա խոչընդոտները:
Եզրափակելով խոսքը՝ Կորյուն Աթոյանն անդրադարձավ նաև ՀՊՏՀ-ում վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ապա բարի երթ մաղթեց շրջանավարտներին՝ ավելացնելով. «Այսօր, երբ դուք ավարտում եք ձեր ուսումը և մուտք գործում մեծ կյանք, ես ցանկանում եմ ձեզ մաղթել լավագույնը՝ առողջություն, անձնական և ընտանեկան երջանկություն, մասնագիտական կայացման ազնիվ և արդյունավետ ճանապարհ: Միևնույն ժամանակ չմոռանաք, որ 21-րդ դարում կրթությունը պահանջում է շարունակականություն, իսկ մասնագիտական կայացումը՝ պարբերական վերապատրաստում»:
Այնուհետև համալսարանի ռեկտորը համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները: Կազմակերպիչները այս տարի նորամուծությամբ հանդես եկան. նրանք սահմանել էին երկու անվանակարգ, որի հաղթողներին մրցանակներ հանձնեց Կորյուն Աթոյանը: Այսպիսով, «ՀՊՏՀ սահմանապահ համայնքի լավագույն շրջանավարտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության շրջանավարտ Էլեն Նավասարդյանը, իսկ «ՀՊՏՀ 2017թ. լավագույն շրջանավարտ» անվանակարգում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ուսանող Անդրանիկ Մանուկյանը:
Միջոցառման երկրորդ մասը ժամանցային էր: Ուսանողների օրը հիշարժան դարձնելու գործին մասնակից դարձան «Օպերա Վիվա» նախագծի ու «Hayway» ջազ բենդի երգիչները, որոնք հանդես եկան համերգային ծրագրերով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց գերազանցության (կարմիր) դիպլոմի արժանացած շրջանավարտների հետ: Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության շրջանավարտ Նարեկ Իխտիարյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ն ոչ միայն կրթօջախ է, այլև կյանքի դպրոց:
«Ձեռք եմ բերել ոչ միայն ժամանակակից ու պահանջված մասնագիտություն, այլև բացառիկ դպրոց եմ անցել, որն ինձ միշտ ուղղորդելու է մարդկային փոխհարաբերություններում: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ դեկանին՝ Մանուկ Մովսիսյանին, ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանին և դասախոս Կամո Խաչատրյանին, ովքեր միշտ աջակից են եղել թե' ուսումնական, թե' անձնական հարցերում: Ես ՀՊՏՀ-ից չեմ հեռանում, անշուշտ, իմ հարազատ բուհում ստանալու եմ նաև մագիստրոսական կրթություն: Շնորհակալ եմ քեզ, իմ համալսարան»,- ասաց նա:
Տնտեսագիտության վերլուծություն մասնագիտության շրջանավարտ Մարիամ Մաթևոսյանը երախտագիտության խոսք ասաց իր վաստակավոր դասախոսներին՝ ընդգծելով, որ առանց նրանց մասնագիտական բարձր որակների դժվար թե ուսանողը մոտիվացվի և լավ սովորի: «Շնորհակալ եմ դասախոսներիս, որ մեծ սիրով մեզ փոխանցեցին իրենց գիտելիքն ու փորձը, և պարզապես սովորեցրեցին լինել հասարակությանն օգտակար, զարգացած մարդ»,- նշեց գերազանցիկ շրջանավարտն ու հպարտորեն հավելեց, որ արդեն անվճար ընդունվել է մագիստրատուրա, նաև՝ 2 ամիս է՝ ինչ աշխատում է մասնագիտությամբ, հաշվապահ է:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որն այս տարիներին առիթ է ունեցել ներկայացնելու տարբեր ուսանողների հաջողություններն ու ձեռքբերումները, միանում է բոլոր շնորհավորանքներին և ՀՊՏՀ շրջանավարտներին մաղթում խոստումնալից ապագայի լավ մեկնարկ:
Միջոցառման մասին մեր լուսանկարային շարքերին կարող եք հետևել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով՝ facebook.com/ՀԱՅԱՍՏԱՆԻ-ՊԵՏԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՀՊՏՀ-ASUE-243586022364879open_in_new
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին