Բարի գալուստ գիտության աշխարհ. մեկնարկեցին ՀՊՏՀ ասպիրանտների և հայցորդների դասերը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր սկսվել են 2017-2018 ուստարվա առկա և հեռակա համակարգ ընդունված ասպիրանտների և հայցորդների ուսումնական պարապմունքները: Այս առիթով ապագա գիտնականներին ողջունեց ու շնորհավորեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, համառոտ անդրադարձավ գիտահետազոտական աշխատանք կատարելու առանձնահատկություններին, օգտակար խորհուրդներ տվեց:
Առաջին դասը վարում էր տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, առարկան՝ «Տեղեկատվական և կրթական տեխնոլոգիաներ»:
Նշենք, որ այս ուսումնական տարում 1-ին կուրս ընդունված ասպիրանտների և հայցորդների ընդհանուր թիվը 29 է: Ինչպես տեղեկացրեցին գիտության և ասպիրանտուրայի բաժնից, դասերը կկազմակերպվեն շաբաթական 2 օր, 4-ական ժամ և կշարունակվեն մինչև մայիսի վերջ:
Մաղթում ենք հաջողություն և շնորհավորում նրանց մուտքը գիտության աշխարհ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին